Բացել լրահոսը Փակել լրահոսը
qnnutyunner1-3
A A
Հասարակություն

Դիմորդների թիվն ավելացել է 5000-ով. մեկը 56 տարեկան է

Նախորդ տարվա համեմատ  դիմորդների թիվը 5 հազարով ավելի է։ Այդ մասին հայտնեց Գնահատման թեստավորման կենտոնի (ԳԹԿ) մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը։  Թվի ավելացմանը նպաստել է ԿԳՄՍՆ որոշումը,  ըստ որի`  համավարակի իրավիճակով պայմանավորված դիմորդները կհանձնեն ընդունելության ընդամենը մեկ քննություն։

«Մեկ քննության արդյունքով մրցույթին մասնակցելը գայթակղիչ է։ Սա լավ հնարավորություն է  նաև  տարիքով մարդկանց համար, ովքեր  ուզում են երկրորդ կամ գուցե երրորդ մասնագիտություն ստանալ։ Մինչև 50 տարեկան դիմորդներ կան, մեկը նույնիսկ 56 տարեկան է»,-ասում է Խաչանուշ Գրիգորյանը։

Դիմորդները գրանցվել են  առցանց՝  լրացնելով  հայտադիմումը։ Սա հարկադրված քայլ է եղել՝ ֆիզիկական շփումը բացառելու նկատառումով: Ըստ Խաչանուշ Գրիգորյանի՝ ուրիշ ավելի անվտանգ ձև այս պայմաններում չկա։

  Մասնագիտության նախընտրության հարցում նախորդ տարիների համեմատ պատկերը չի փոխվել. այս տարի էլ ամենաշատը դիմել են ՏՏ ոլորտի ֆակուլտետներ։

«Ավանդաբար ՏՏ, իրավագիտություն շատ են դիմում, հիմա էլ բացառություն չի: Ինչպես նաև բժշկականը պահանջարկ ունի՝ բուժական գործ, բուժական գործ զինված ուժերում։ Տնտեսագիտական, զուտ տնտեսագիտական մասնագիտություններով շատ են, իսկ օրինակ, տնտեսագիտական համալսարանի այլ՝ ասենք, սերվիս, տուրիզմ, տեղերի թվից քիչ են դիմողները»,-  հայտնեց Խաչանուշ Գրիգորյանը։ 

Ինչպես նշվել է նախապես՝ հավասար միավորների դեպքում առավել արժանի դիմորդին գտնելու համար հաշվի կառնվեն օլիմպիադաներին մասնակցությունը.  լավ արդյունք ցուցաբերած, հաղթած աշակերտները առավելություն կունենան։

Հիշեցնենք, որ միասնական ընդունելության քննության օրերն են՝

Հուլիսի 2 - «Օտար լեզուներ» /անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իտալերեն, իսպաներեն/

Հուլիսի 4 -  «Հայոց պատմություն», «Աշխարհագրություն», «Քիմիա»,

Հուլիս 6  -  «Մաթեմատիկա»

Հուլիսի 8 - «Հայոց լեզու և հայ գրականություն», «Կենսաբանություն», «Ֆիզիկա»։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի որոշմամբ քննություններին դիմորդները պետք է մասնակցեն դիմակով և ձեռնոցներով։