Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԳՀ
A A
Հասարակություն

Հանցագործության մասին հաղորդում՝ վարկային կազմակերպությունների դեմ

«Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամ, «Իրավունքի սահման» ՍՊԸ-ի տնօրեն, իրավաբան, պահեստազորի գնդապետ Գևորգ Հովհաննիսյանն «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ վարկային կազմակերպությունների գործունեության հետ կապված հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Ոստիկանություն։

 «Ուղարկվել է հանցագործության մասին հաղորդում Ոստիկանություն՝ Քրեական օրենսգրքի երկու հոդվածի վկայակոչմամբ․ առաջին՝ վաշխառություն, երկրորդ՝ առևտրային վարկային կազմակերպությունների աշխատակիցների կողմից իրենց լիազորությունները չարաշահելը։ Հիմքում դրել ենք հետևյալ հանգամանքները՝ Կենտրոնական բանկը վարկերի համար սահմանել է առավելագույն 24 տոկոս տոկոսադրույք, ինչը ենթադրում է, որ այլ վճարների մասով եթե Կենտրոնական բանկն անդրադարձ չի կատարել, ուրեմն ենթադրվում է, որ տվյալ վարկային կազմակերպության եկամուտը ապահովող բոլոր վճարումները միասին վերցրած 24 տոկոսը չպետք է գերազանցեն»,- նշեց իրավաբանը։

 Ըստ նրա՝ սրանից ելնելով է Կենտրոնական բանկը սահմանել միայն 24 տոկոս և միայն անդրադարձ չի կատարել այլ վճարների, իսկ եթե ունիվերսալ վարկային կազմակերպություններն ունեն իրավաչափ ակնկալիք սահմանելու նաև այլ վճարներ, ապա այս դեպքում անգործություն է դրսևորել Կենրոնական բանկը՝ որոշակի չափորոշիչներ չսահմանելով այլ վճարների մասով։

 Իրավաբանի խոսքերով՝ Քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածների վկայակոչման պատճառն այն է, որ բազմաթիվ քաղաքացիների և վարկային կազմակերպությունների միջև սպասարկման այլ վճարների մասով են խնդիրներ առաջանում։ «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամի փոխանցմամբ՝ եթե վարկային կազմակերպություններն ունենային չափորոշիչներ և չսահմանեին այնպիսի մեծ գումարներ, որ սահմանել են հիմա, շատ քաղաքացիներ պատշաճ կերպով կկատարեին իրենց վարկային պարտավորությունները։ 

«Եթե վարկային կազմակերպությունները, չափորոշիչներ չունենալով, սահմանել են, և դա կապված է Կենտրոնական բանկի բացթողման հետ, ապա այստեղ առկա է ավելի մեծ շղթա։ Եթե սահմանված է 24 տոկոս, ու այլ վճարներ չպիտի լինեն, ուրեմն բոլոր վարկային կազմակերպությունները գանձել են շատ տոկոսներ։ Եթե պետք է լինեն այլ վճարներ, ուրեմն Կենտրոնական բանկն անգործություն է դրսևորել՝ չսահմանելով չափորոշիչ»,- եզրափակեց Գևորգ Հովհաննիսյանը։

«Ա1+»-ը հարցում է ուղարկել Կենտրոնական բանկ թեմայի վերաբերյալ․ պատասխանը ստանալուց հետո կհրապարակենք։