Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+krilya
A A
Սպորտ

«Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչը առաջին մարզումն է անցկացրել Պրեմիեր լիգայում

Երևանի «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևն առաջին լիարժեք մարզումն է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Կռիլյա Սովետով» թիմում:

«Այսօր առավոտյան «Կռիլյա Սովետովի» խորհրդի նախագահ Ալեքսանդր Ֆետիսովը թիմին ներկայացրեց նոր գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևին: Դրանից հետո ռուսաստանցի մասնագետն անցկացրեց տեսական, իսկ հետո գործնական պարապմունք», - նշել է Սամարան ներկայացնող ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Անդրեյ Տալալաևը «Փյունիկի» գլխավոր մարզիչ է նշանակվել 2018 թվականին: Նրա գլխավորությամբ մեր թիմը հաղթահարելով Եվրոպայի լիգայի որակավորման երկու արգելքները, առաջին անգամ մտել էր 3-րդ խաղափուլ: Հաջորդ տարի նա տեղափոխվել էր Ռուսաստանի 1-ին խմբում հանդես եկող Մերձմոսկովյան «Խիմկի» թիմ:

Անդրեյ Տալալաևը «Կռիլյա Սովետովում» կփոխարինի չեռնոգորցի մասնագետ Միոդրագ Բոժովիչին, որը պաշտոնանկ է արվել վատ արդյունքներ ցույց տալու համար: Բանն այն է, որ սամարացի ֆուտբոլիստներն այժմ Պրեմիեր լիգայի առաջնությունում զբաղեցնում են վերջին՝ 16-րդ տեղը: Նրանք ընդամենը 4 միավորով են ետ մնում փրկարար 12-րդ հորիզոնականից, որը զբաղեցնում է Կազանի «Ռուբինը»:

«Կռիլյա Սովետովն» առաջիկա հանդիպումն անցկացնելու է հունիսի 30-ին, երկրի չեմպիոն «Լոկոմոտիվի» հետ: Խաղը կկայանա Մոսկվայում: