Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ալաշկերտ
A A
Սպորտ

«Ալաշկերտը» առաջնության ավարտից երեք տուր առաջ փոխել է գլխավոր մարզչին

«Նոայի» դեմ խաղից հետո փոփոխություն է տեղի ունեցել «Ալաշկերտի» մարզչական շտաբում: Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ է նշանակվել Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, փորձառու մասնագետ Եղիշե Մելիքյանը: Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Մելիքյանը հանդես է եկել հայկական մի շարք ակումբներում` դառնալով Հայաստանի չեմպիոն, գավաթակիր և մեդալակիր, հաջողությամբ ներկայացրել է Ուկրաինայի «Մետալուրգ» (Դոնեցկ), «Ստալ», «Զարյա», «Կրիմտեպլիցա» և «Հովերլա» թիմերը: Դոնեցկը ներկայացնող ակումբի կազմում դարձել է Ուկրաինայի առաջնության բրոնզե մեդալակիր: Հայաստանի հավաքականի կազմում ձախ եզրային պաշտպանի դիրքում հանդես եկած Եղիշե Մելիքյանը անցկացրել է 30 հանդիպում:

2015-ին մարզչական կարիերան սկսած Եղիշե Մելիքյանը 5 տարի աշխատել է ուկրաինական ակումբներում: «Ալաշկերտի» նոր գլխավոր մարզիչը մարզել է Դոնեցկի «Մետալուրգի» Մ-19 և Մ-21 թիմերը, գլխավորել «Ստալի» Մ-19 և Մ-21 թիմերը: 2017-ին Մելիքյանը գլխավորել է «Ստալի» առաջին թիմը:

2019 թվականի սեպտեմբերից 40-ամյա մասնագետն ընդգրկված էր «Լվովի» մարզչական շտաբում, իսկ նույն տարվա հոկտեմբերին գլխավորել է Ուկրաինայի Պրեմիեր լիգայում հանդես եկող ակումբը: Հայ մասնագետն օրեր առաջ սեփական նախաձեռնությամբ լքել էր «Լվովի» գլխավոր մարզիչի պաշտոնը:

Եղիշե Մելիքյանն ունի ՈՒԵՖԱ-ի մարզչական PRO կարգի արտոնագիր, համակարգում էր Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կազմակերպվող PRO արտոնագրի դասընթացները:

Նշենք, որ «Ալաշկերտն» այժմ 40 միավորով բարձրագույն խմբի աղյուսակում զբաղեցնում է 4-րդ տեղը: Թիմը պայքարում է Եվրոպայի լիգայի ուղեգրի համար: Մրցաշարի ավարտին մնացել է երեք տուր: Առաջիկա խաղում «Ալաշկերտը» ուժերը կչափի առաջնության երկու առաջատարներից մեկի՝ «Արարատ-Արմենիայի» հետ:

 

Հիշեցնենք, որ մինչև Եղիշե Մելիքյանի նշանակումը «Ալաշկերտը» գլխավորորում էր ավելի փորձառու,  52-ամյա Արմեն Ադամյանը: