Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․Հունիսի 24. Ազատության հրապարակում պարզաբանում են, թե ինչպես վերադարձնել ժողովրդի հավատը (տեսանյութ)

«Եզդի խանա» կուսակցությունը 1998-ի հունիսի 24-ին նշում է իր հիմնադրման 1 տարին։ Համագումարի ժամանակ կուսակցության ղեկավարներն ասում են, որ իրենց ձեռք է տալիս մնալ Հայաստանում, որտեղ պետք է նախ եւ առաջ լուծեն իրենց սոցիալական խնդիրները։ Համագումարին պետական որեւէ պաշտոնյա ներկա չէ։ Մասիսի շրջանում մալարիան առաջանում է ամբողջ թափով ։

Հայաստանի այս տարածքում օդի ջերմաստիճանը բարձր է, շատ են ճահճացած ջրերը եւ անոֆելես տեսակի մոծակները։ Պայքարին միանում է ՄԱԿ-ը՝ գլխավորը ճահիճները չորացնելն է եւ հիվանդների տներն ախտահանելը։

Ներքին գործերի նախարար Սուրեն Աբրահամյանը 1999-ի ուսումնական տարվա ոսկե մեդալակիրներին բաժանում է ծաղիկներ եւ ժամացույց։ Ոսկե մեդալ չկա։ Կրթության նախարարությունը դիմել է կառավարությանը եւ պատվիրել 3500 ոսկե մեդալ նախորդ 4 տարիների մեդալակիրներին նույնպես պարգեւատրելու համար։

Նոր Հաճնում մոտ 1500 կենսաթոշակառու արդեն երրորդ ամիսն է, թոշակ չի ստացել։ Վճարվել են միայն նրանց էլեկտրաէներգիայի փոխհատուցման գումարները։ Մարդիկ վրդովված են։ Կինեմատոգրաֆիստների միությունում կռիվ է ընկել։ Անդամների մի մասն ուզում է պաշտոնանկ անել միության 12 տարվա նախագահ Սերգեյ Իսրայելյանին, քանի որ վերջինս միության շենքն ուզում է վարձակալությամբ տալ «Մեշոկ պապի» խանութին եւ «Շարմ» ընկերությանը։ Ի դեպ, բողոքի արդյունքում վարձակալը հրաժարվում է ստորագրել պայմանագիրը։

2000 թվականի հուլիսի 1-ից միացվում են ավելացված արժեքի հարկն ու շահութահարկը։ Առանձին դեպքերում նաեւ՝ եկամտահարկը։ Մինչդեռ պետեկամուտների նախարարությունը չի թաքցնում, որ հարկատուները դեռ տեղյակ էլ չեն նոր օրենքից։

2001 թվականի հունիսի 24-ին աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսում է դուդուկով։ Առիթն այն է, որ ժողովրդական արտիստն արժանացել է Մեսրոպ Մաշտոցի շքանշանին Նույն օրն Ազատության հրապարակում «Ազգային համաձայնության ճակատը» մոտ երկու հարյուր միտինգավորի պարզաբանում է, թե ինչպես վերադարձնել ժողովրդի հավատը։ Ճակատն ուզում է իշխանափոխություն անել, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանը դատարկում է հայ ազգից։

2008-ի մարտի 1-ին ոստիկանին ծեծելու համար 4 տարվա ազատազրկման դատապարտված նախկին ոստիկան Քրիստափոր Էլազյանը 2009-ի հունիսի 24-ին ազատ է արձակվում համաներմամբ եւ հիշում, որ իրեն Հատուկ քննչական ծառայությունում ծեծում էին սուտ ցուցմունքներ կորզելու համար։ Էլազյանը պատմում է նաեւ, թե այդ օրերին իր հետ կապված ինչ պլաններ ուներ ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանը։

2009-ի այս օրը ընդհատակում գտնվող «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մեկ ամսից դուրս է գալու ընդհատակից եւ դառնալու է քաղբանտարկյալ ։ Նա առայժմ չի որոշել, թե երբ եւ որ իրավական կառույցին է ներկայանալու։

2010-ի այս օրը Ազգային Ժողովն ընդունում է «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը ։ Մելիք-Ադամյան տեղափոխված խորհրդարանի մոտ բողոքող քաղաքացիներն ասում են՝ սա Հայաստանի վերջն է՝ կողմ քվեարկածներին համարելով դավաճաններ։