Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՎՀ
A A
Հասարակություն

Վյաչեսլավ Հարությունովի գործով նիստը չկայացավ․ պատճառը կորոնավիրուսն է

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանի կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ հաղորդում տված, սակայն հետագայում ցուցմունքից հրաժարված Վյաչեսլավ Հարությունովի՝ սուտ մատնության գործով նիստը հետաձգվեց։ Նիստը պետք է տեղի ունենար Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում։ 
 
Դատարանի աշխատակիցը հայտնեց, որ Հարությունովի փաստաբանը նիստը հետաձգելու միջնորդություն է ներկայացնել, քանի որ իր պաշտպանյալը վարակվել է կորոնավիրուսային հիվանդությամբ։ 
 
Հիշեցնենք, որ նախկինում Հարությունովի ծեծի գործով ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով դատապարտվել և համաներմամբ ազատ էր արձակվել Էդուարդ Բաբայանը։ Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ Հարությունովը սկզբում հայտարարել էր, որ իրեն «Օլիմպավան» սպորտային համալիրում ծեծի էր ենթարկել Բաբայանը, սակայն հետո հրաժարվել իր ցուցմունքից։ 
 
Նշենք նաև, որ Հարությունովը գրավոր դիմել էր լրատվամիջոցներին լուսաբանել սուտ մատնության գործով նիստը, քանի որ ցանկանում էր պարզաբանումներ ներկայացնել, ըստ էության հերքելով, որ սուտ ցուցմունք է ներկայացրել։ 
 
Ըստ «Դատալեքս» համակարգում տեղ գտած մեղադրական եզրակացության՝ «Վյաչեսլավ Նիկոլայի Հարությունովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ քննվող թիվ 10107418 քրեական գործով հանդիսանալով տուժող, նախազգուշացված լինելով սուտ ցուցմունք տալու համար ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գործի նախաքննության և դատաքննության ընթացքում տվել է սուտ ցուցմունք»: 
 
Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն՝ Էդուարդ Բաբայանը 2018-ի հուլիս 2-ին «Օլիմպավան» մարզական համալիրի հանդիպումների դահլիճում հարվածներ է հասցրել Վյաչեսլավ Հարությունովին՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս։ Էդուարդ Բաբայանը սկզբում կալանավորվեց, հետո՝ 2018-ի օգոստոսի 21-ին, 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց: Գործով տուժող ճանաչված Վյաչեսլավ Հարությունովը դատարանում հայտարարել էր, որ իրեն տուժող չի ճանաչում: 
 
2019-ի ապրիլի 5-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, դատապարտեց 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման եւ համաներմամբ ազատ արձակեց պատիժը կրելուց։