Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Չգրանցված աշխատողների խնդիրը աշխատանքային օրենսգիրքը չի, որ պիտի լուծի». քննարկում (տեսանյութ)

«Ամեն աշխատանքի կարգավորման խնդիր չէ, որ պետք է լուծի աշխատանքային օրենսգիրքը»,- կարծում է  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը, որը կողմ է աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին։

Այս օրերին  քննարկվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացրած հայեցակարգը, որի ընդունումը հնարավորություն կտա հետագայում ամբողջապես փոփոխել նաև Աշխատանքային օրենսգիրքը։

Օրենսգիրքը արմատական փոփոխության է ենթարկվել երկու անգամ՝ 2010 և 2015 թվականներին։

«Հայեցակարգի փոփոխումը կապված է երեք հիմնական խմբի հետ ՝ միջազգային պարտավորությունների կատարում, տեխնիկական թերությունների վերացում և իրավակիրառ պրակտիկայի բարեփոխումներ։ Որպես օրինակ՝ օրենսգրքում կիրառվող հաշմանդամ բառը փոխարինում ենք հաշմանդամություն ունեցող անձի հետ  տերմինով»,- նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։

«Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանի  խոսքով ՝  չգրանցված աշխատողների մեծ մասը տեղյակ չի, որ ունի իրավունքներ և այս հայեցակարգում չի նշվում կամ չի ցուցադրվում պետության կողմից այդ մասով կատարվելիք պարտավորությունը։

Հակադարձելով Հայկ Մարտիրոսյանին՝ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությունների նախագիծը միտված է փոփոխել կամ կարգավորել այն օրենքները, որոնք կամ ժամանակային առումով հնանում են կամ թերանում։ Այս փոփոխությունները չի կարելի համարել արմատական։

«Մայր օրենքով սահմանվում է աշխատանքի ազատության իրավունքը՝ ոչ աշխատանքի իրավունքը։ Պետք է փաստել, որ իրավունքի պաշտպանության տեսանկյունից խնդիր ունենք միայն չգրանցված աշխատողների դեպքում»,- նշեց նա։

«Չգրանցված աշխատողների իրավունքները օրենսգրքի խնդիրը չէ։ Հիմնական խնդիրը չգրանցված աշխատողների՝ աշխատող լինելու դատավարական կամ ապացուցման խնդիրն է»,- նշեց  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Նինա Հակոբյանը։

Մեր երկրում  թե  գրանցված, թե չգրանցված աշխատողների դեպքում իրավունքը վերականգնելու միակ տարբերակը դատարան դիմելն է։