Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հակոբ
A A
Սպորտ

Հայ մարմնամարզիկները չեն մեկնի Բաքու

Կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ավարտից հետո բավական ժամանակ է պետք հայ մարմնամարզիկներին՝  նախկին մարզավիճակին վերադառնալու  համար։

«Համավարակը, ինչպես բոլոր ասպարեզների, այնպես էլ սպորտի վրա բացասական ազդեցություն թողեց։ Մեկ շաբաթ չպարապելը դրական է ազդում, սակայն դրանից ավելին արդեն վատ է և հետո կարիք է լինում մեկ ամիս նորից պարապել մարզավիճակը վերականգնելու համարԵրբ չենք մարզվում երկու շաբաթ, մեզ մեկ ամիս է պետք լինում վերականգնվելու համար: Մինչ այդ հավաք էինք անցկացնում Թբիլիսում, համավարակի ընթացքում այն զրոյացավ»,-ասաց  Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ։

Բայց այս դադարը նաեւ դրական  հետեւանք է ունեցել. «Մեզ հնարավորություն տրվեց մարզիկների վնասվածքների վերաբերյալ ավելի լուրջ հետազոտություններ անել և ժամանակ ունեցանք բժշկական միջամտությունների համար»։

Հնարավորինս պահելով պարետի ցուցումները՝  մարզիկները շարունակում են իրենց պարապմունքները, սակայն, ըստ պարոն Սերոբյանի, Հայաստանում չունենք միջազգային  չափանիշների այնպիսի մարզադահլիճներ, որտեղ հնարավոր է պատրաստվել առաջնություններին։

Քանի որ կարեւորագույն միջազգային մրցաշարերը չեղարկվել են,  հայ մարզիկները, ըստ նրա,  շատ չեն  տուժի եւ ժամանակը կօգտագործեն ավելի լավ պատրաստվելու համար.

«Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը (հենացատկ) այս պահին պատրաստվում է այնպիսի ցատկ ներկայացնել օլիմպիական խաղերում, որն աշխարհում առաջինն է լինելու և հաջողելու դեպքում կկրի իր անունը»։

Մարզիկները սպասում են սահմանների բացվելուն, որպեսզի դրսում ուսումնամարզական հավաքներ և պարապմունքներ անցկացնեն։  

2020 թվականի Եվրոպայի սպորտային մարմնամարզության կանանց և տղամարդկանց առաջնությունները կկայանան Բաքվում դեկտեմբերին, քանի որ Ֆրանսիայի մարմնամարզության ֆեդերացիան հրաժարվել է մրցաշարի անցկացումից:

Հակոբ Սերոբյանը հայտնեց, որ հայ մարմնամարզիկները չեն մեկնի Բաքու։

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան  խոստացել է  աջակցել այն մարզիկներին, մարզիչներին և մրցավարներին, ովքեր վարակված կլինեն կորոնավիրուսով և կհոգա նրանց բուժման ծախսերը։

Հայաստանում նման դեպքեր , բարեբախտաբար, դեռ չկան։