Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Ծառուկյանի գործով
Աջակցիր «Ա1+»-ինԳլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու ԱԱԾ միջնորդությունը մերժելու՝ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։
Բողոքն արդեն մուտքագրվել է դատարան։
Այս մասին «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում ասաց Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը 2017 թվականի ԱԺ ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի օգտին քվեարկելու համար ենթադրյալ ընտրակաշառք բաժանելու առթիվ քրեական գործ էր հարուցել, իսկ հունիսի 16-ին ԱԺ համաձայնությունը ստանալուց հետո մեղադրանք առաջադրել Ծառուկյանին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):
Գագիկ Ծառուկյանն ու նրա աջակիցները գործը համարում են քաղաքական։