Բացել լրահոսը Փակել լրահոսը
բուժաշխատող
A A
Հասարակություն

Ով ինչ է մաղթում բուժաշխատողներին

Այսօր բուժաշխատողի օրն է։  Համավարակի այս օրերին նրանց դերն ու աշխատանքն առավել քան երբեւէ կարեւորվեց։ Այսօր համացանցը ողողված է շնորհավորանքներով։ Մենք էլ ենք շնորհակալություն հայտնում եւ շնորհավորում։

Այս խորագրի ներքո կներկայացնենք հատվածներ՝ շնորհավորանքներից։

 

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ կոլեգաներին

Սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթելով ամուր կամք, պինդ առողջություն, որպեսզի կարողանաք շարունակել անմնացորդ կերպով հավատարիմ մնալ ձեր աստվածահաճո առաքելությանը։

Բուժաշխատողներն այսօր ամբողջ աշխարհում առաջնագծում են: Նրանց վրա դրված է ինչպես մասնագիտական, այնպես էլ մարդասիրական պատասխանատվություն:

Իսկապես անգնահատելի է ձեր ներդրումն ու առաքելությունը մարդկային կյանքերի փրկման գործում։ Ձեր բազում անքուն գիշերների, ծանր հերթապահությունների, գերլարված աշխատանքային օրվա լավագույն արդյունքն ապաքինված քաղաքացիներն են, որը մեզ մեկ քայլ մոտեցնում է համավարակի հաղթահարմանը: 

 Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչություն

Տոնն արդարացիորեն վերաբերում է ոչ միայն բուժաշխատողներին, այլև բոլոր այն մարդկանց, ովքեր բարձր են գնահատում սպիտակ խալաթ կրողի անձնվեր աշխատանքը:

Առանձնահատուկ շնորհավորում ենք այն բուժաշխատողներին, ովքեր համաճարակային այս օրերին անցկացնում են վիրահատարաններում, վերակենդանացման բաժանմունքներում, հերթապահում են շտապբուժօգնության ծառայությունում` գտնվելով հիվանդի կողքին։ Ցանկանում ենք Ձեզ քաջառողջություն, մասնագիտական վերելք և հարատև հաջողություն:

Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյան
 

Մենք միշտ հպարտացել ենք, որ Դիլիջանի առողջապահության ոլոլտի աշխատակիցներն  իրենց մասնագիտական բարձր պատրաստվածության և նվիրական աշխատանքի շնորհիվ իրականացնում են որակյալ բուժսպասարկում՝ վայելելով ողջ հասարակության սերն ու հարգանքը։ Համավարակի տարածման դեմ պայքարի առաջնագծում  «Դիլիջան»  բժշկական կենտրոնն է, որը ներկայումս իրականացնում է տարածաշրջանային սպասարկում։

Մենք համոզված ենք, որ ձեր նվիրական աշխատանքի և մեր հասարակության կազմակերպվածության շնորհիվ  մեզ կհաջողվի օր առաջ հաղթահարել ստեղծված դժվարությունները և վերադառնալ բնականոն կյանքին:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյան

Լիահույս եմ՝ հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը, հիմնվելով առողջապահության բնագավառի առաջավոր փորձի վրա, մենք կկարողանանք հաղթահարել նաև այս փորձությունը։
Տոնի առթիվ առանձնահատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել Շիրակի մարզի բուժաշխատողներին, ովքեր համավարակի առաջին իսկ օրվանից մարտնչում են հանուն մարդկային կյանքի ու առողջության։
Հաջողությու՛ն և լավատեսություն Ձեր բարդ և պատասխանատու աշխատանքում։

 

 Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան 

 Բուժաշխատողներն այս օրերին հերոսական գործ են անում։ Եկե՜ք օգնենք նրանց որքան կարող ենք, եկե՜ք միասնաբար պահպանե՜նք այս վիրուսի դեմ պայքարի կանոնները։

 

 Հայաստանում ԱՄՆ դեսպանություն

Այս դժվարին օրերին բուժաշխատողները շարունակում են օրնիբուն անձնվիրաբար աշխատել, որպեսզի անհրաժեշտ խնամք և հոգածություն ցուցաբերեն մեր ընտանիքներին, ընկերներին, հարևաններին և անծանոթներին։ Մեր անսահման երախտագիտությունն ենք հայտնում բժիշկներին, բուժքույրերին ու մյուս բուժաշխատողներին, որոնք այսօր #COVID19–ի դեմ պայքարի առաջնագծում են։

Նրանք կյանքեր են փրկում՝ վտանգելով իրենց սեփական կյանքը։ Մենք էլ եկեք անենք այն, ինչ պահանջվում է ` դիմակ դնենք, կանոնավոր լվանանք մեր ձեռքերը, որպեսզի այդ կերպ կյանքեր փրկենք։


«Նորք» ԻԿՀ տնօրեն  Մհեր Դավիդյանց

Սիրելի բուժաշխատողներ, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը մասնագիտական տոնի առթիվ։ Մաղթում եմ Ձեզ առողջություն, մասնագիտական նորանոր ձեռքբերումներ, անձնական հաջողություններ։ Շնորհավորում եմ և անձնապես շնորհակալ եմ նաև նրանց, ովքեր բարձր են գնահատում բժշկական համազգեստը կրողի անձնվեր աշխատանքը:
Ես ուզում եմ երախտիքի խոսք հղել իմ ղեկավարած բուժհաստատության բժիշկներին, բուժքույրերին ու մայրապետներին, ոլորտում աշխատող մեր գործընկերներին, ովքեր բարձր պատասխանատվությամբ և անմնացորդ նվիրումով շաբաթվա ամեն օր, օրը 24 ժամ, իրենց կարևոր ներդրումն են ունենում համաճարակի այս բարդ օրերին, մարդկանց կյանքի ու առողջության պահպանման համար։

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Թանկագի՛ն բուժաշխատողներ, շնորհավորելով մասնագիտական օրվա կապակցությամբ՝ ցանկանում եմ ձեզ առողջություն, մեծ եռանդ ու կորով, հատկապես համավարակի հետևանքով ստեղծված այս բարդ օրերին։

Դուք մարտահրավերի առջև կանգնեցիք խիզախորեն և ցույց տվեցիք նվիրումի ու մասնագիտական առաքինության լավագույն օրինակ։

Մեր հարգանքը և խոնարհումը ձեզ։