Բացել լրահոսը Փակել լրահոսը

Ռոբերտ Քոչարյանն արդեն տանն է

A A

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտնում է․

Դատարանի կողմից սահմանված գրավը վճարվել է․ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ է

Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու համար 2 մլրդ դրամի չափով սահմանված գրավը վճարվել է։

Հունիսի 19-ին աշխատանքային օրվա ավարտին գումարը փոխանցվել է Վերաքննիչ քրեական դատարանի դեպոզիտ հաշվին։ Օրենքով սահմանված և բժշկական համապատասխան պրոցեդուրաներից հետո Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից վերադարձել է տուն։

Ռոբերտ  Քոչարյանի գրասենյակը նույնպես հաղորդագրություն է տարածել , որում ասվում է.

«Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ նախատեսված գրավի վճարումից և օրենքով սահմանված բոլոր գործընթացներն ավարտելուց հետո հունիսի 19-ի երեկոյան Նախագահ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը վերացվել է։ Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է տուն, սակայն շարունակելու է վերականգնողական բուժումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում՝ բժիշկների սահմանած ժամանակացույցին համապատասխան։

Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում 2 մլրդ դրամ գրավի վճարման գործում Քոչարյանների ընտանիքին աջակցած հանրահայտ խոշոր գործարարներին և բարերարներին, ինչպես նաև այն բազմաթիվ քաղաքացիներին, որոնք նախօրեին կամավորության սկզբունքով գումարներ են փոխանցել պետական համապատասխան հաշվեհամարին։

ՀՀ 2-րդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ»:

Ի դեպ,    Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում նկար է  տեղադրվել՝  մակագրված՝ տանը։