Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat
A A
Սպորտ

Երևանի «Արարատի» հայտարարությունը (տեսանյութ)

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել.

«ՀՖՖ մրցավարական կոմիտեն 18.06.2020թ.-ին կայացած նիստում քննարկել է 11.06.2020թ-ին կայացած ՀՀ Բարձրագույն խմբի «Արարատ-Արմենիա» - «Արարատ» խաղի վերաբերյալ մեր ակումբի առարկությունը՝ կապված 50-րդ րոպեին մրցավարի կողմից չարձանագրված գոլի վերաբերյալ:

Դիտելով տեսագրությունը ՄԿ անդամները եկել են այն եզրակացության, որ տվյալ խաղային իրավիճակում մրցավարը կայացրել է սխալ որոշում՝ չարձանագրելով դարպասի գրավումը, քանի որ «Արարատի» ԽԱՂԱՑՈՂԸ ԳՈԼ Է ԽՓՈՒՄ ԱՌԱՆՑ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ:

Ցանկանում ենք արձանագրել, որ տվյալ դրվագից հետո «Արարատ-Արմենիան» գրոհ է կազմակերպում և գոլ խփում 11-մետրանոց հարվածից: Հասկանալի է, որ եթե մինչ այդ արձանագրվեր մեր խփած գոլը, ապա հաշիվը կդառնար 2-2 և հանդիպումը կարող էր լրիվ այլ ելք ունենալ: Մեզ համար սկզբունքային այդ մրցավեճում մրցավարն ակնհայտ սխալ որոշում է կայացնում, որը լրջորեն ազդում է նաև խաղի ընթացքի վրա:

Հայտնում ենք նաև, որ ՀՖՖ Մրցավարական Կոմիտեն նույն նիստի ընթացքում քննարկել է նաև 16.06.2020թ.-ին կայացած «Արարատ» - «Լոռի» խաղի վերաբերյալ մեր ակումբի առարկությունը՝ 28-րդ րոպեին չտրված կարմիր քարտի վերաբերյալ: Դիտելով տեսագրությունը ՄԿ անդամները եկել են այն եզրակացության, որ մրցավարը կայացրել է սխալ որոշում՝ նշանակելով տուգանային հարված և ցույց տալով դեղին քարտ, փոխարենը ՄԿ անդամները կայացրել են որոշում՝ ըստ որի ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՉԿԱ ՀՊՈՒՄ ԵՎ ՈՉ ՄԻ ԽԱԽՏՈՒՄ:

Մրցավարական Կոմիտեի այս որոշումը մեղմ ասած անհասկանալի է: Կից ներկայացնում ենք դրվագի տեսանյութը, որտեղ շատ պարզ նկատվում է, թե ինչպես է «Լոռիի» ֆուտբոլիստը խախտում խաղի կանոնները ու խանգարում մեր թիմի ֆուտբոլիստ Վեսլեն Ժունիորին դուրս գալ դարպասապահի հետ մեն մենակ»:

Ի դեպ, «Արարատ-Արմենիա» - «Արարատ» հանդիպման ուղիղ եթերը ՀՖՖ յութուբյան ալիքով անհասկանալի պատճառներով (ֆեդերացիան պարզաբանում չի տվել) ընհատվել էր և ֆուտբոլասերները չէին տեսել այդ դրվագը:

Հիշեցնենք, որ բարձրագույն խմբի առաջնության առաջին փուլից հետո միայն վեց թիմերն են շարունակում պայքարը մրցանակային տեղերի համար: «Արարատ-Արմենիան» 45 միավորով գլխավորում է աղյուսակը, իսկ «Արարատը» 32-ով եզրափակում է այն: