Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, ըստ Ռ․Քոչարյանի փաստաբանների, հօգուտ իրենց է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ երեկոյան հրապարակվել է Եվրոպայի Խորհրդի Վենետիկի Հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի իրավաչափության վերաբերյալ։ Երկրոդ նախագահ, սահմանդրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռ․Քոչարյանին, հիշեցնենք, մեղադրանք առաջադրվել է հենց այս հոդվածով։
Երկրորդ նախագահի պաշտպանական խմբի անդամներն այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրին խորհրդատվական կարծիքի իրենց մեկնաբանությունը։
Փաստաբան Արամ Վարդևանյանը պնդում է՝ Վենետիկի հանձնաժողովը 300․1 հոդվածի որոշ դրույթներ այնքան անորոշ է համարել, որ առհասարակ դրանց չի անդրադարձել՝ պատճառաբանելով, որ թարգմանության խնդիր կարող է լինել․
«Վենետիկի հանձնաժողովը ուսումնասիրել է միջազգային փորձը և եկել այն եզրահանգման, որ նույնիսկ սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգությունները պարտադիր իրենց մեջ ունենում են բռնության կամ բռնության սպառնալիքի տարր։ Մենք չունենք բռնության կամ բռնության սպառնալիքի ձևակերպում, մենք ունենք փաստացի վերացում, ինչը հասկանալի չէ»։
Վարդևանյանի խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովը արձանագրել է, որ սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ մեր Քրեական օրենսգրքում առկա ձևակերպման նման ձևակերպում միջազգային փորձում առկա չէ, այս բացառիկությունը, ըստ փաստաբանի, դրականի մասին չի խոսում։
«Վենետիկի հանձնաժողովը արձանագրել է նաև, որ երբ նման տեսակ լայն մեկնաբանման ենթակա հոդվածներ են լինում, դրանք պարունակում են անորոշության ռիսկեր, իսկ ռիսկեր պարունակելիս դրանք պետք է մեկնաբանվեն նեղ ձևով՝ հօգուտ անձի իրավունքների»։
Վարդևանյանի ձևակերպմամբ՝ այս հոդվածը այնքան անորոշ է, որ նունիսկ նեղ մեկնաբանման հնարավորություն չի տալիս, ինչը խախտում է Վենետիկի հանձնաժողովի պահանջը։
Փաստաբանը հիշեցրեց, որ այս հոդվածի անորոշ դրույթների մասին ինքը և իր գործընկերները նախկինում բազմիցս խոսել են։
Նա հայտնեց նաև, թե քանի որ հանձնաժողովի կարծիքներն արդեն իսկ ստացվել են, ուստի ՀՀ ՍԴ–ն Քոչարյանի գործով վարույթը պետք է սկսի։
Ինչ վերաբերում է երեկվա Վերաքննիչ քրեական դատարանի որոշմանը, փաստաբան Հովհաննես Խուդոյանը նշում է, որ դատարանի որոշումը, թե հնարավոր է, որ Ռոբերտ Քոչարյանը լինի ազատության մեջ, մեկ քայլ առաջ է այդ գործընթացում գործի վերջնական լուծման տեսանկյունից։
Խուդոյանը հայտնեց, որ 2 մլրդը վճարելու դեպքում Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ կլինի, բայց սա չի սահմանափակում գրավի չափը բողոքարկելու հնարավորությունը։
Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, մասնակի բավարարեց Քոչարյանի փաստաբնական խմբի բողոքը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ։
Քոչարյանը ազատ կարձակվի 2 միլիարդ գրավի դիմաց։ Ներկայումս նա «Իզմիլյան» բժշկական կենտրոնում է։
Հեռարձակումը՝ Factor.am-ի