Բացել լրահոսը Փակել լրահոսը
_47I7384
A A
Պաշտոնական

Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներորդ միջոցառումը և դրա շրջանակում աջակցության տրամադրման կարգը: Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին: Տուժած ոլորտներ են համարվում հետևյալ գործունեության տեսակները՝ հյուրանոցային և հյուրատնային, հանրային սննդի, զբոսաշրջային ծառայություններ, նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ), կինոթատրոնների,  լուսանկարչության բնագավառում, սպորտի բնագավառում (սպորտային ակումբներ, լողավազաններ, զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն,  ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ, կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում, ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն, խաղատների գործունեություն: 

 

 Եթե գործատուն գործունեություն է իրականացնում մեկից ավելի ոլորտներում, ապա գործատուի վարձու աշխատողների աջակցություն տրամադրվում է, եթե տուժած ոլորտներում գործունեության տեսակարար կշիռը տվյալ տնտեսավարող սուբյեկտի ընդհանուր գործունեությունում կազմում է առնվազն 40 տոկոս։ Ընդ որում, այս դեպքում շահառու են հանդիսանում գործատուի բոլոր վարձու աշխատողները։ Վարձու աշխատողները (այդ թվում քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները), շահառու են հանդիսանում այն դեպքում, եթե 2020 թվականի մարտի 1-ից մինչև հունիսի 15-ը ընկած ժամանակահատվածում առնվազն 1 օր աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ են գտնվել տուժած ոլորտի գործատուի հետ (այդ թվում՝ եթե 2020 թվականի հունիսի 15-ի դրությամբ գործատուն լուծարվել է կամ դադարեցրել է գործունեությունը)։ Այս կետում նշված անձանց աջակցությունը տրամադրվում է՝ անկախ գործատուի կողմից աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճարում կամ պայմանագրային եկամուտ հաշվարկելու հանգամանքից։ Աջակցությունը տրամադրվելու է միանվագ՝ նվազագույն աշխատավարձի չափով, որը նշանակում և վճարում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը շահառուի կողմից https://dimum.ssa.am/ կայքէջին էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա։ Դիմումները կընդունվեն հունիսի 22-ից սկսած: Աջակցությունը վճարվում է բացառապես շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով: 

 

Ինչպես նշել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, միջոցառման շահառուների թիվը  շուրջ 36800 է, իսկ բյուջեն կազմում է 2,5 մլրդ դրամ:   «20-րդ ծրագրում ներառված են ոլորտներ, որոնք կային նաև 8-րդ ծրագրում: Պետք է նշեմ, որ կարող են դիմել նաև այս միջոցառումից աջակցություն ստանալու համար: Սա երկրորդ հնարավորությունն է առավել տուժած ոլորտների աշխատակցիներին աջակցելու»,-ասել է նախարարը:   

 

Կկանոնակարգվի բուհ-աշխատաշուկա կապը. կփոխհատուցվի սովորող և վարձու աշխատող հանդիսացող ուսանողների ուսման վարձը՝  եկամտահարկի գումարներից

 

Գործադիրը հաստատել է ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի այն մասնագիտությունները, որոնցից որևէ մեկով առկա ուսուցմամբ ուսանողի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկն ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է: Արդյունքում՝  կփոխհատուցվի ներկայացված մասնագիտություններով սովորող և վարձու աշխատող հանդիսացող ուսանողների ուսման վարձը՝  նրանց կողմից վճարված եկամտային հարկի գումարներից: Հիմնավորման համաձայն՝ այսօր աշխատաշուկայում առկա են որոշ մասնագիտություններ,  որոնք շատ դեպքերում թափուր են մնում` դիմողների համապատասխան կրթություն և գիտելիք չունենալու պատճառով: Որոշմամբ կկանոնակարգվի բուհ-աշխատաշուկա կապը և հնարավորություն կընձեռնվի վարձու աշխատող հանդիսացող ուսանողներին ստանալու ուսման վարձի վերադարձ՝ վճարված  եկամտային հարկի գումարներից: Որոշման նպատակներից է նաև խրախուսել երիտասարդ աշխատողներին՝ աշխատանքի անցնելիս աշխատանքային պայմանագիր կնքել գործատուի հետ և աշխատել օրինական դաշտում:

 

Գ

Կիրականացվի  սիգ ձկնատեսակի փորձարարական որս 

 

Կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը կանոնակարգելու նպատակով։ Ներկայում տեղի ունեցող ապօրինի ձկնորսության ծավալներն ու դրա շուրջ ծավալված իրավիճակի վերլուծության  և արդյունագործական ձկնորսության կազմակերպման գործող կարգի անկատարության  արդյունքում առաջ են եկել մի շարք հարցեր, որոնք ինչպես գործնական, այնպես էլ իրավական հարթությունում պարզաբանման և լուծման կարիք ունեն։ Հնարավոր բացասական ազդեցություններից խուսափելու և հետագայում գործընթացներն առավել արդյունավետ ու հիմնավոր իրականացնելու համար Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է իրականացնել սիգ ձկնատեսակի փորձարարական որս: Իրականացվող գործընթացները միտված են Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների  կայուն օգտագործմանը և օգտագործման պայմանագրերի կնքման գործընթացի կանոնակարգմանը։ Որսի ընդհանուր պահանջներից են՝ ձկան քաշը պետք է լինի 500 գրամից ոչ պակաս, սիգի արդյունագործական որսը պետք է իրականացվի դնովի ցանցերով (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի): Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ  է սահմանվել մարտի 15-ից մինչև հոկտեմբերի  1-ը՝ հաշվի առնելով իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածը՝ ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով։

 

Վարչապետը, անդրադառնալով որոշմանը նշել է, որ այն կայացվել է նաև Սևանա լճում ձկնորսություն իրականացնող քաղաքացիների, հանրության հետ քննարկումների արդյունքում: «Երբ ձվադրման շրջանում մենք որսն արգելելու միջոցներ ենք ձեռնարկում,  այնտեղ առաջանում է դիմադրություն: Ի վերջո, եթե  սիգը Սևանում կա՝ իրենք են որսալու, եթե չկա՝ իրենք են զրկվում եկամտի աղբյուրից: Հետևաբար կառավարության գործողություններն այն ժամանակ էլ, ոչ թե ընդդեմ ձուկ որսացողների էին, այլ  նախ՝ շրջակա միջավայրի պաշտպանության: Երկրորդ՝ ի վերջո ձկան պաշարն իրենք են տնօրինելու, իրենք են աշխատելու, իրենք են որսալու: Արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ միասին սա կանոնակարգենք: Այսինքն՝ կառավարությունը կանոնակարգի և իրենք էլ այդ կանոններով աշխատեն: Հիմա հույս ունենք, որ այս գործընթացն  իսկապես կօգնի, որ համաձայնություն ձեռք բերվի և ընդմիշտ այդ թեման փակենք, որպեսզի նաև Սևանում ձկնորսությամբ զբաղվող մեր հայրենակիցներն իրենք դառնան սիգի պաշարի պաշտպանության առաջամարտիկ, որովհետև դա առաջին հերթին պետք է իրենց»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Այլ որոշումներ. խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

 

Գործադիրն ընդունել է որոշում, որով թույլատրվել է «ԱրմՓաուեր» ԲՓԸ-ին  գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է էլեկտրաէներգիայի արտադրության համար (250մվտ հզորությամբ գազային վառելիքով աշխատող համակցված ցիկլով էլեկտրակայանի կառուցում)։ «ԱրմՓաուեր»-ն արդեն իսկ իրականացրել է շուրջ 69 մլրդ դրամի ներդրում, կիրականացնի ևս 61 մլրդ դրամի ներդրում՝ անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման, էլեկտրակայանի կառուցման շինարարական աշխատանքների իրականացման համար: Ներկայում առկա է 6 աշխատատեղ, կստեղծվի ևս 106-ը՝ 545,000 դրամ միջին աշխատավարձով։ Միայն հզորության մասով կայանի տարեկան իրացման ծավալը կազմելու է շուրջ 20 մլրդ դրամ: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները որոշվելու են համակարգի օպերատորի կողմից: Արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ մատակարարվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է                14.5 մլրդ դրամ, մաքսատուրքից ազատման արտոնությունը՝ 1.4 մլրդ դրամ:

 

Կառավարության այլ որոշումներով «Քլին էներջի» ՍՊԸ-ն կօգտվի  մաքսատուրքից ազատելու և ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններից: Ընկերությունը  ներմուծվող սարքավորումները օգտագործելու է արևային կայաններում էլեկտրաէներգիայի արտադրության համար (Վայոց ձորի մարզ)։ Ծրագրի շրջանակում իրականացվել է 40 մլն դրամի ներդրում հողամասի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 430 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման համար և 1.5 մլրդ դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար, որից 218 մլն դրամը ցանկով ներմուծվող սարքավորումներն են։ Ներկայումս առկա է 3 աշխատատեղ` 88,000 դրամ միջին աշխատավարձով, կստեղծվի ևս 5-ը՝ 150,000 դրամ միջին աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակում կանխատեսվում է արտադրել տարեկան շուրջ 245 մլն դրամի էլեկրաէներգիա, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 218 մլն դրամ, մաքսատուրքի ազատման արտոնությունը՝ 21.4 մլն դրամ: