Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռոբերտ Քոչարյան2
A A
Քաղաքականություն

«Խոսքի տեր մարդ եմ». Ռոբերտ Քոչարյանը այդ համարեց իր բրենդը (տեսանյութ)

Ընդհանրապես նախագահ լինելու հանգամանքը պատասխանատվության մի ծանրագույն բեռ է ամբողջ կյանքի համար, - Վերաքննիչ քրեական  դատարանում հայտարարեց  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

 «Ամեն մի քայլ անելուց դու մտածում ես, թե ինչպես կընկալվի եւ ինչ արձագանք կունենա, եւ  հասկանում ես, որ հանրության խոշորացույցի տակ ես գտնվում, մշտական, 24 ժամ, եւ սա լրացուցիչ ինքնասահմանափակման ուղի է, որոնք ստիպում են  յուրաքանչյուր մարդու, ով  բարձր պաշտոն է զբաղեցնում»,-  հայտարարեց  նա։

Նա ասաց՝  կցանկանար, որ  դատարանի որոշման մեջ հաշվի առնվի այն հանգամանքը, որ ինքը իր խոսքի տեր մարդ է, եւ պատասխանատվությունից չի խուսափում։

«Իմ  կողմնակիցների եւ այն  մարդկանց կողմից, որոնք ինձ չեն ընդունում, կա ձեւավորված մի կարծիք, որ իմ  դրական եւ բացասական կողմերով, խոսքի տեր մարդ եմ, եւ երբեք պատասխանատվությունից չեմ խուսափել։ Գուցե ժամանակակից  բառապաշար օգտագործեմ՝ էսպես ասեմ՝ մի բրենդ է, որը ձեւավորվել է իմ կենսագրության եւ իմ անվան շուրջ, սա ինձ համար չափազանց մեծ արժեք ունեցող բրենդ է,- ասաց նա, ապա շարունակեց,- Նաեւ պետք է հասկանալ, որ ինձ համար որքան տհաճ է, որ ես պետք է դատարանում կանգնեմ եւ այդ  հանգամանքի կարեւորությունը փորձեմ  բացատրել՝ օգտագործելով ինչ-որ բառապաշար»։

Դատավոր Արսեն Նիկողոսյանը հարցրեց՝ ինչու է տհաճ,  քանի որ նա կանգնած է մի  պետության կարեւոր ինստիտուտներից մեկի առաջ, որի  գլուխն է հանդիսացել երկար տարիներ.

«Դուք կանգնած եք Ձեր իսկ տասնամյակներ ղեկավարած ամենկարեւոր ինստիտուտներից մեկի՝ դատարանի առաջ։ Դա կարեւո՞ր չէ»

«Ես չեմ ասել, որ կարեւոր չէ, ես ասել եմ ՝ տհաճ է, որովհետեւ, ինձ թվում է՝  դա այն բանն է, որի բացատրության կարիքը  չպետք է լինի՝ ուղղակի կենսագրությունից ելնելով»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Իսկ արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը, ազատության մեջ գտնվելով,  չի ազդի վկաների վրա։

«Էության մասին որոշակի թյուրըմբռնում կար, ես մարդ եմ, ով որոշակի որոշումներ է կայացնում, ինձ հետ աշխատած պաշտոնյաները իրենց մեջ համարձակություն էին կայացնում վիճել։Որոշումների որակը դրանից է կախված, ամենամեծ հարգանքը ես ունենում էի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք կարող էին կարծիք ասել, չհամաձայնվել։ Ուղղակի իմ հասակակիցներից կարելի է հարցնել, թե ես կարծիք լսո՞ղ եմ, թե՞ լսող չեմ։ Այդ որոշումների որակը գալիս է նրանց, որ կարծիք եմ լսում»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը

Հիշեցնենք, Վերաքննիչ դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։

Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված այսօրվա դատական նիստը հետաձգվեց և կշարունակվի վաղը՝ հունիսի 18-ին, ժամը 10։00-ին։