441 ֆուտբոլիստ ֆինանսական օգնություն է խնդրել ՖԻՖԱ-ից
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի միջազգային ֆեդերացիան 441 ֆուտբոլիստից հայտ է ստացել, ովքեր ֆինանսական փոխհատուցում են խնդրել այդ կազմակերպությունից: Այդ մասին հայտնում է ՖԻՖԱ-ի թվիթերյան էջը:
Ֆեդերացիային կարող են դիմել այն ֆուտբոլիստները, որոնց ակումբները սնանկացել են և չեն կարողանում վճարել աշխատավարձերը: Դիմորդների 81 տոկոսը ներկայացնում են եվրոպական ակումբները:
ՖԻՖԱ-ն հատուկ հիմնադրամ է ստեղծել, որը օգնություն ցույց կտա այն ֆուտբոլիստներին, որոնք կորոնավիրուսի պատճառով կորցրել են իրենց աշխատանքը կամ էլ ամիսներով աշխատավարձ չեն ստացել: Ֆեդերացիան շարունակում է ընդունել հայտերը: Հիմնադրամը իր գործունեությունը կսկսի հուլիսի 1-ից:
Բացի այդ, ՖԻՖԱ-ն նոր օրենք է ընդունել, ըստ որի ֆուտբոլիստներին թույլ է տրվում մեկ մրցաշրջանում հանդես գալ երեք ակումբում: Նպատակը նրանց շրջանում գործազրկության թվի պակասեցումն է: