Բացել լրահոսը Փակել լրահոսը
շտապօգնություն
A A
Հասարակություն

«Պոլիկլինիկայում թոքերի ռենտգեն հետազոտության համար հերթ էր»․ քաղաքացին որոշել է միանգամից հիվանդանոց գնալ

19-ամյա Անժելան հուզված է․ ասում է՝  «մի քանի օր է՝ տեղը չէր գտնում»։ Մոր մոտ նոր կորանվիրուսային հիվանդության ախտանիշներ է նկատել , եւ անմիջապես հավաքել է 103 հեռախոսահամարը։

«-Խնդրում եմ՝ շտապ կանչ գրանցե՞ք։

 -Կնշե՞ք՝  ի՞նչ գանգատներ ունի հիվանդը։

-Հազ , թուլություն, ջերմություն:

-Հիմա  ազատ բրիգադ չունենք, երբ ազատվի, կմոտենա։

-Լավ, շնորհակալություն»,- զրույցը ներկայացնում  է աղջիկը։

Այդ գիշեր շտապօգնությունը տեղ չի հասել․մոր ջերմությունը փորձել են 37․6-ից իջեցնել․ առավոտյան նորից է հավաքել նույն հեռախոսահամարը, երբ 43-ամյա կինը շարունակել է վատ զգալ ու հազալ։

«Այս անգամ եկավ շտապօգնությունը, բայց կանչից մեկ ժամ հետո։ Բժիշկը ներս եկավ, հարցրեց ինչ գանգատներ ունի, նշեցի։ Ջերմությունն արդեն իջել էր։ «Չենք կարող օգնել հիվանդին»,-հայտնեց։ Հարցրի՝ ո՞վ պետք է օգնի, պատասխանեց, որ տեղամասային պոլիկլինիկա է պետք զանգահարել,- պատմում է Անժելան,-Խնդրեցի  ինչ-որ դեղորայք նշանակի, որպեսզի  մայրս դուրս գա վատ վիճակից։ Բժիշկն ասաց, որ ոչ մի դեղորայք չի կարող նշանակել, հոսպիտալացնել էլ չեն կարող՝ այդքան ծանր չէ  պացիենտի վիճակը, իսկ հիվանդանոցներում՝ տեղեր չկան։ Գնացին, իրար ասելով ՝  այսքան կարևոր կանչ չէր, ինչու եկան»։   

Անժելան  ասում է՝ այնուհետ  գնացել են թիվ 19 պոլիկլինիկա։ Թոքերի ռենտգեն  հետազոտության  համար հերթ է եղել․ հերթագրվել են, ու պարզվել է․․․ հերթը կհասնի մի քանի օրից։ Ասում է, որ  պոլիկլինիկայում ավելի վատ վիճակում՝ իրենց  հերթին սպասող  մարդկանց են հանդիպել։՝

Ու քանի որ մայրը շարունակել  է  վատ զգալ,  որոշել են գնալ   «Աստղիկ» բժշկական կենտրոն՝ թոքերի ռենտգեն հետազոտության։ Պատկերը տեսնելուց հետո՝ բժիշկը նրանց հանգստացրել է՝  կորանավիրուսը բացահայտող թեստ հանձնելու կարիք չկա։

«Բժիշկն ասաց՝  ուժեղ մրսածություն է, պետք չէ վախենալ։ Պետք է պարզապես հանգիստ տուն գնալ և օգտագործել նշանակվող դեղորայքը»,-  ասում է Անժելան՝  տեղեկացնելով դեղորայքն ընդունելու երկրորդ օրն արդեն մայրն արդեն լավ է զգում։

Ի  դեպ, պարետատանը հաջորդած ճեպազրույցի ժամանակ Շտապ օգնության «Կենտրոն» ենթակայանի սրտային վերակենդանացման բրիգադի բժիշկ Տիգրան Գևորգյանը տեղեկացրեց, որ այս օրերին շտապօգնության ծառայությունը չի հոսպիտալացնում այն հիվանդներին, որոնց ջերմությունը 38 աստիճանից բարձր չէ, արյան թթվածնով հագեցվածությունը կազմում է 93 եւ ավելի տոկոս կամ շնչառական շարժումներն  րոպեում 22-ից պակաս են:

Մյուսները  պետք է  բուժօգնություն ստանան  առաջնային օղակից, բայց, բժշկի խոսքով,   շատերը չեն ուզում դիմել պոլիկլինիկա՝ անհանգստացած, որ իրենք կարող են թեթև տանել, բայց վարակել իրենց հարազատներին։ 

Ըստ Տիգրան Գևորգյանի, արդյունքում՝ ավելացել են շտապօգնության կանչերն  ու  աշխատանքը, քանի որ շտապօգնության բժիշկների քանակը նվազել է, որովհետեւ  աշխատանքի են անցել հիվանդանոցներում։