Գիշերային ակցիա. Ֆիրդուսի աղյուսե շենքի քանդումը կանխվել է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ ուշ երեկոյան ահազանգ հնչեց Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի ֆեյսբուքյան էջում՝ գիշերով փորձում են քանդել Ֆիրդուսի հերթական աղյուսե շենքը։
Ակտիվիստների ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել շենքի քանդումը ժամանակավորապես կասեցնել։ Կոմիտեի անդամները կոչ էին արել հանրությանը առավոտից Ֆիրդուսի թաղամասում լինել։
«Ա1+»-ի նկարահանող խումբը եղավ շենքի հարակից տարածքում, բնակիչներից մեկը տեսախցիկի առաջ խոսել չցանկացավ, բայց մտահոգություն հայտնեց շենքի քանդման վերաբերյալ, ասաց՝ գիշերը ինչ-որ աղմուկ լսել են, բայց չգիտեն՝ ինչ է եղել։
Ֆիքսեցինք միայն, որ շենքից մի քանի մետր հեռու ընթանում են շինարարական աշխատանքներ։
Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամ Լուսինե Խառատյանին հանդիպեցինք շենքի տարածքում, նա «Ա1+»-ին հայտնեց, որ երեկ դեռ ցերեկվա ընթացքում նախաձեռնության անդամներից Իզաբելա Սարգսյանը նկատել է, որ շենքը արդեն քանդում են, միանգամից աղուկ է բարձրացրել․
«Երեկոյան մենք ահազանգ ստացանք, որ ինչ-որ տեխնիկա են բերում կառուցապատողները, և միգուցե հենց գիշերը շենքը քանդեն։ Բնակիչները ահազանգել էին թե՛ քաղաքապետարան, թե՛ այլ մարմիններ ՝ասելով, որ այստեղ շարժ կա»։
Ահազանգից հետո կոմիտեի անդամները հավաքվել են, տեղում հրավիրել նաև Երևանի ավագանու անդամների։
«Երեկ կառուցապատողները իրենց մոտ չեն ունեցել թույլտվությունը, բայց հայտարարում են, որ ունեն։ Ավագանու անդամները խոստացել են՝ քաղաքապետարանում կփորձեն գտնել թույլտվությունները և հասկանալ»։
Խառատյանի խոսքով՝ կառուցապատողն ասում է՝ նախագիծը հաստատված է, եւ դրանով այս շենքը պետք է քանդվի, իսկ քանդված տեղով ճանապարհ պիտի անցնի։
Կառուցապատողները խոստացել են շենքի աղյուսները հատ-հատ համարակալել, որպեսզի շենքը տեղափոխեն, Խառատյանը, սակայն, հիշեցնում է, որ բոլոր տեղափոխելու պատմությունները առնվազն լավ ավարտ չեն ունեցել։ Բացի այդ, ճարտարապետների կարծիքով, աղյուսները համարակալելով՝ շենքը հնարավոր չէ տեղափոխել։
Խառատյանն ասաց՝ օրվա տարբեր ժամերին կհետևեն շենքին, հասկանալու համար՝ ինչ է կատարվում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ արդեն քանդել են նույն տարածքում գտնվող շենքը քանդել են սև տուֆե սրբատաշ քարից կառուցված, Հանրապետության նրբանցք 9-րդ տան ճակատային մասը, որը թվագրվում էր 19-րդ դարի վերջ - 20-րդ դարի սկիզբ։
Հիշեցնենք, որ դեռեւս 2017թ-ին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն մշակել է 33-րդ թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագիրը:
Տիգրան Մեծի պողոտայի և Հանրապետության, Փ. Բուզանդի ու Խանջյան փողոցների միջակայքում նոր թաղամաս է կառուցվելու՝ բնակելի, հասարակական և սպասարկման օբյեկտներով, բիզնես կենտրոններով, հյուրանոցներով, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցության նոր ուղիներով: