Գերմանիան պատրաստ է ընդունել ֆուտբոլի Եվրոպայի լիգայի մնացած խաղերը
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի վերջին խաղերը հնարավոր է անցկացվեն Գերմանիայում: Այդ մասին հայտնում է իտալական La Gazzetta dello Sport թերթը:
Եվրոպայի ֆուտբոլային միությունը կորոնավիրուսի պատճառով մտադիր է չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի վերջին փուլերն կազմակերպել մինի-մրցաշարի ձևով: Ըստ այդ մտահղացման, քառորդ եզրափակիչ փուլ մտած 8 թիմերը հավաքվելու են մի երկրում և մեկական խաղերի օգնությամբ որոշեն մրցաշարերի հաղթողներին:
Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆրից Կելերը հայտարարել է, որ պատրաստ են իրենց մոտ կազմակերպել Եվրոպայի լիգայի նմանատիպ մրցաշարը: Ֆեդերացիան երկու տարբերակ է առաջարկել ՈՒԵՖԱ-ին:
Դրանցից մեկով խաղերն անցկացվելու են Հյուսիսային Վեստֆալիայի մարզում, Քյոլն, Դյուսելդորֆ, Դույսբուրգ և Գելզենկիրխեն քաղաքներում: Երկրորդ տարբերակով հանդիպումները տեղի են ունենալու Ֆրանկֆուրտում և դրան մոտ գտնվող արվարձաններում՝ Մայնցում, Վիսբադենում և Զինսհայմում: Վերջինիս մարզադաշտում իր հանդիպումներն է անցկացնում «Հոֆենհայմը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը:
Նշենք, որ Եվրոպայի լիգայ 1/8 եզրափակիչ փուլում արդեն կայացել են առաջին 6 հանդիպումներ: Միայն հետաձգվել էին «Ինտեր» - «Խետաֆե» և «Սևիլյա» - «Ռոմա» խաղերը: Ըստ աղբյուրի, ՈՒԵՖԱ-ն պատրաստվում է չորս օրվա մեջ անցկացնել այդ խաղերը, իսկ հետո կազմակերպել մինի-մրցաշարը:
Այն, թե ինչ որոշում կկայացնեն եվրոպական ֆուտբոլի ղեկավարները, պարզ կդառնա հունիսի 17-18-ին նախատեսված ՈՒԵՖԱ-ի գործկոմի նիստերից հետո: