Այս սպառնալիքի պայմաններում նման կոչ անել վարչապետին և կառավարությանն անհասկանալի է․ Ռոմանոս Պետրոսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔննադատությունները կամ կառավարության հրաժարականի պահանջը իրավաչափ եմ համարում՝ բացառությամբ կարևոր նյուանսի․ համավարակի այս սպառնալիքի և արտակարգ դրության պայմաններում նման կոչ անել վարչապետին և կառավարությանն ինձ համար անհասկանալի է։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ի հայտարարություններին։ Մարզպետի դիտարկմամբ՝ ընկալելի կլիներ, երբ թիրախային, առարկայական քննատադություն հնչեր, կամ կոնկրետ ծրագրային տարբերակներ առաջարկվեին։
Պետրոսյանը հիշեցրեց, որ ԲՀԿ-ն կոալիցիայի մեջ է եղել նախկին իշխող ուժերի հետ և պետք է նրանց հետ միասին կիսի պատասխանատվությունը տեղի ունեցածի համար։
Լրագրողների դիտարկմանը, թե իրենք ևս հեղափոխությունից հետո հուշագիր ստորագրեցին ԲՀԿ-ի հետ, Պետրոսյանն ասաց, թե պարզապես քաղաքական այդ իրողությունների ֆոնին խելամիտ են համարել առերեսվելու իրականության հետ։ Նրա խոսքով՝ հուշագիրը հնարավորություն է եղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար վերափոխվելու, բայց դեռ անցած տարի Աբովյանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ այդ քաղաքական ուժը չի փոխվելու, քանի որ, նրա պնդմամբ, ընտրությունները քրեաօլիգարխիկ ընթացք ունեցան:
Ըստ Պետրոսյանի՝ ԲՀԿ-ն չի կարող հաջողել իշխանափոխության գործում, քանի որ չունի բավարար աջակցություն և ռեյտինգ:
«ՀՀ-ում մեկընդմիշտ արձանագրել ենք, որ իշխանությունը պատականում է ժողովրդին», - հավելեց նա։