Արարատի մարզում, ըստ մարզպետի, այս պահին Մասիսը կորոնավիրուսի առումով ամենամեծ օջախն է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մեյմանդարի» շուկան գտնվում է Արմավիրի մարզում, մեր մարզի հետ կապ չունի, թեեւ հիմնականում մեր մարզի գյուղացիներն են իրացնում իրենց մթերքը:
Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով օրերս Մեյմանդարի շուկայում տեղի ունեցած բողոքի ակցիային։
Մարզպետը հիշեցրեց, որ դեռևս նախորդ տարի «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» բիզնես ֆորումի ժամանակ հայտարարվեց, որ Արարատի մարզում նույնպես կառուցվելու է գյուղմթերքի իրացման մանրամեծածախ շուկա։ Այն այս ամիս արդեն բացված է, և մարզի բնակիչները կարող են իրենց ապրանքն իրացնել այդ շուկայում։ Ինչ վերաբերում է լուրերին, թե նորակառույց շուկան կապվում է հենց իր անվան հետ, Սարգսյանն արձագանքեց.
«Ես կապ ունեմ այդ շուկայի հետ այնքանով, որքանով այդ շուկան գտնվում է Արարատի մարզում»: Անդրադառնալով մարզում կորոնավիրուսային իրավիճակին՝ նշեց, որ մարզը թեժ վառվող կետերից է և թվով երևի երրորդն է Երևանից ու ևս մեկ մարզից հետո:
«Բայց հիմնականում, նայելով դինամիկային՝ կարող եմ ասել, որ մեր մարզում դինամիկան առերևույթ չի փոխվում դեպի թեժացում, կորը սահուն է բարձրանում, այլ ոչ թե ունենում ենք վերահսկողությունից դուրս նոր օջախներ»:
Սարգսյանը հայտնեց, որ այս պահին Մասիս քաղաքն ամենամեծ օջախն է:
«Մարզում այս պահին ունենք 1165 վարակվածներ, որոնցից առողջացածները 474 են, մյուսները կամ ամբուլատոր բուժում են ստանում, կամ հիվանդանոցային և այսօրվա դրությամբ ունենք 17 մահ»,- ասաց նա: