Առաջարկվում է նախատեսել նպաստի մեկ ձև․ մեկուսացման նպաստ․ Նարեկ Զեյնալյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Նարեկ Զեյնալյանը ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
«Առաջարկվում է նախատեսել նպաստի մեկ ձև․ մեկուսացման նպաստ այն անձանց, ովքեր վարձու աշխատող են կամ ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահովված անձինքն են և պարետատան ցուցումով մեկուսացվել են կամ ինքնամեկուսացել»,- ասաց Զեյնալյանը նախագծի վերաբերյալ։
Ըստ պատգամավորի՝ այն անձինք, որոնք հեռավար են աշխատել, որոնք հարկադիր պարապուրդի մեջ են եղել և գործատուն նրանց առնվազն 2/3-ի չափով վճարել է, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտել են, չեն օգտվի այս նպաստից։
«Վճարը կիրականացվի նույն սկզբունքով, ինչ-որ ժամանակավոր անաշխատունակության դեպքում, այսինքն՝ հիվանդության ժամանակ, երբ որ մարդուն տրամադրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ, որի հիման վրա նրան տրամադրվում է նպաստ»,- շարունակեց հանձնաժողովի նախագահը։
Մինչ այժմ, ըստ նրա, մեկուսացվածների թիվը կազմել է 5 հազար, իսկ ինքնամեկուսացածներինը՝ մոտ 15 հազար, իսկ օրինագծով հետադարձ ուժը կիրառվելու է մարտի 1-ից սկսած իրավահարաբերությունների վրա։
«Եվ առավելագույնը հաշվվել է 20 հազար մեկուսացված կամ ինքնամեկուսացած վարձու աշխատողի համար։ Որը կազմել է մոտավորապես 400 միլիոն դրամ»,- ընդգծեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սաիյանի համար այնքան էլ ընդունելի չէ օրենսդիր ներկայացուցիչների հեղինակած օրինագիծը, որը վերաբերում է մեկուսացած կամ ինքնամեկուսացած որոշ անձանց նպաստ տրամադրելուն ։
«Մենք արդեն իսկ ծանր վիճակում գտնվող գործատուին այս նախագծով ստիպում ենք կատարել ծախս։ Եվ երկրոդ կարևորագույն հանգամանքըը․ ներկայացվող ծրագրի և ցայսօր կառավարության կողմից իրականացված սոցիալական աջակցության ծրագրերի հետ կապված խնդիրն է։ Անձը եղել է ինքնամեկուսացման մեջ, թե չի եղել, անձը եղել է հիվանդության մեջ, թե չի եղել, նա ստանում է կառավարության կողմից տրված ֆինանսական աջակցության ծրագրերի շրջանակում»,- նշեց ԱՍՀ փոխնախարարը։
Ըստ Սաիյանի՝ այս նախագիծը ընդունելու դեպքում, կլինի մի իրավիճակ, երբ միևնույն կարգավիճակի երկու անձ միևնույն ժամանակահատվածի համար վարձատրվում են տարբեր ձևով, ընդ որում՝ դրա պատճառներն օբյեկտիվ չեն, այլ այն, որ մեկի գործատուն ավելի պարտաճանաչ է, մեկի գործատուն ավելի հետևողական է իրադարձությունների նկատմամբ։
Փոխնախարարի խոսքերով՝ սրանք են պատճառները, որոնց համաձայն՝ կառավարությունը դեմ է այս նախագծին։
Մանրամասները՝ տեսանյութում