Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Պահարանից գողացել էին 10 միլիոն դրամ և 3 միլիոն դրամի ոսկյա զարդեր (տեսանյութ)

Հունիսի 1-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Արթիկի բաժնում Աղաքարյան փողոցի մի բնակիչ հաղորդում տվեց, որ ժամեր առաջ, օգտվելով իրենց տնից բացակայելու հանգամանքից, կոտրել են ննջասենյակի պատուհանը, պահարանից գողացել 10 միլիոն դրամ և 3 միլիոն դրամի ոսկյա զարդեր:

Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Իրավապահներն արձանագրեցին` որտեղից է կատարվել գողությունը, կազմեցին համապատասխան արձանագրություններ:
Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ: Բացահայտման ուղղությամբ ձեռնարկվեցին անհետաձգելի միջոցառումներ: Ոստիկանների արագ և օպերատիվ աշխատանքի շնորհիվ հաղորդումից ժամեր անց կասկածյալը հայտնաբերվեց:
Ստացված տեղեկություններն իրացնելով` ոստիկանները նույն օրը, ժամը 5-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Գրիգոր Զոհրապի փողոցից, «Օպել» մակնիշի իր մեքենայով հանդերձ, ոստիկանության Արթիկի բաժին բերման ենթարկեցին Վանաձորի 27-ամյա մի բնակչի:

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Կասկածվողի անձնական խուզարկությամբ, նաև նրա մեքենայից ոստիկանները հայտնաբերել են ոչ միայն գողոնը, այլև «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված ութ փամփուշտով:

Հանգամանքները պարզվում են:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: