Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է ոստիկանությունում բարեփոխումների նախագիծը (տեսանյութ)

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է ոստիկանությունում բարեփոխումներ իրականացնելու նախագիծը: 

Նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվել էր հենց այս քառօրյայի ընթացքում: Այնուհետև Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի առաջարկությամբ որոշում կայացվեց երկրորդ ընթերցումը կազմակերպել հատուկ ընթացակարգով՝ 24-ժամյա ռեժիմով: 

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը ներկայացրեց այն առաջարկությունները, որոնք ստացել են խորհրդարանական խմբակցություններից:

ԲՀԿ-ն նախ առաջարկել է ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանել ավելի ուշ, ինչը չի ընդունվել, քանի որ փոխնախարարի պարզաբանմամբ՝ Կառավարությունը որոշում ունի նախագիծը հնարավորինս շուտ գործարկել:

ԲՀԿ-ի մյուս առաջարկությունը վերաբերել է կադրային համալրումներին, առաջարկվել է պարեկային ծառայության կազմը համալրել միայն ոստիկանական միջին մասնագիտական կրթություն ունեցող անձանցով, կամ Կառավարության կողմից սահմանված համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթությամբ անձանցով: Այս առաջարկությունը ևս չի ընդունվել, քանի որ Կառավարությունը մտադիր է դաշտը բացել բոլորի համար,-ասագ Գրիգորյանը:

ԲՀԿ-ից Արման Աբովյանը հետաքրքրվեց՝ ինչով է պայմանավորված նախագծի հրատապությունը։ Փոխնախարարը շեշտեց, որ հրատապությունը ֆիքսված է Կառավարության ռազմավարությամբ, որով նախատեսված է 2020 թվականի առաջին եռամսյակում Երևանում գործարկել պարեկային ծառայությունը:

Նաև կա կամք օր առաջ սկսել ոստիկանական համակարգի բարեփոխումները,-վստահեցրեց նախարարի տեղակալը:

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ոստիկանության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծով նախատեսված է, որ ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայությունների փոխարեն պարեկային ծառայության ներդրում: Այս համակարգում ծառայության կարող են անցնել 18-35 տարեկան զինվորական ծառայություն անցած և միջնակարգ կրթություն ունեցող քաղաքացիները՝ համապատասխան պատրաստվածություն անցնելուց հետո:

Ծառայությունը նախ Երևանում կներդրվի, ապա ՀՀ բոլոր մարզերում:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախագծի հարակից զեկուցող  Արմեն Խաչատրյանն իր հերթին վստահեցրեց՝ պարեկային ոստիկանությունը ունենալու է նոր արժեքային համակարգ և նոր սկզբունքներ, որոնք էականորեն տարբերվելու են ոստիկանությունում այսօր առկա մյուս ստորաբաժանումներից:

Պարեկային ոստիկանությունը ունենալու է լիազորությունների ավելի լայն ծավալ, իսկ պարեկը կապ է հանդիասանալու պետության և հասարակության միջև,-ասում է Խաչատրյանը:

Նա ևս շեշտեց, որ օր առաջ այս բարեփոխումների իրականացումը հրատապ է, քանի որ այսօր ոստիկանությունը համարժեք չէ տիրող հանցավորությանը կոռուպցիայի մասով:

Արման Աբովյանը արդեն իր ելույթում շեշտեց, որ օրինագիծը գոնե երկու շաբաթ պատշաճ քննարկման կարիք ուներ, թեև իրենք ողջունում են նախատեսվող բարեփոխումները: 

«Օրինագիծը իսպառ վերափոխում է ոստիկանությունը, բայց մանրակրկիտ դետալները ժամանակի պատճառով չհասկանալը առաջացնում է հարցեր»: