Պատգամավորն առաջարկում է ավանդների երաշխավորման շեմը բարձրացնել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է բարձրացնել ավանդների այն չափը, որի վերադարձը երաշխավորվում է:
Մելքումյանը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
ԱԺ ամբիոնից պատգամավորը շեշտեց, որ ամրագրված է՝ 5 տարին մեկ անգամ այս օրենքում պետք է փոփոխություններ նախատեսվեն:
Նախագծով առաջարկվում է՝ երաշխավորված ավանդի չափը գործող 10 մլն դրամ շեմի փոխարեն սահմանել 16 միլիոն դրամ:
Եթե խոսքը արտարժութային բանկային ավանդի մասին է, ապա երաշխավորված ավանդի չափը սահմանվում է 7 միլիոն ՀՀ դրամ՝ գործող շեմը 5 մլն դրամի փոխարեն:
«Գործում է համապատասխան հիմնադրամ, որ ավանդների հատուցումը երաշխավորվի: Նախագծով չի նախատեսվում բանկերի կողմից լրացուցիչ մուտք այդ հիմնադրամին»,-ասաց նախագծի հեղինակը՝ հավելելով, որ բանկերի վրա լրացուցիչ բեռ չի դրվում:
Մելքումյանի փոխանցմամբ՝ ավանդային միավորների մոտ 98 տոկոսը թվաքանակով երաշխավորվում է, բայց ծավալային առումով խոսքը ընդամենը 41.5 տոկոսի մասին է:
Պատգամավորը վստահեցրեց՝ այս նախագծով փոքր ու միջին ավանդատուների հատուցումը երաշխավորվում է:
Մելքումյանը ներկայացրեց տվյալներ, համապատասխան որոնց՝ Հայաստանում կա մոտ 3 տրիլիոն դրամից ավելի ավանդ: Առնվազն 1 միլիոնից ավելի ավանդատուներ կամ ավանդային միավորներ կան, որոնց կեսը արտարժույթով է, մյուս կեսը՝ դրամային միավորով:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ ինչով է պայմանավորված դրամի և արտարժութային ավանդների համար սահմանված շեմերի տարբերությունը: Մելքումյանը բացատրեց, որ գնացել են հօգուտ դրամի, քանի որ հայտնի է, որ դրամի տոկոսադրույքները ավելի բարձր են, բացի այդ և՛ բանկերի համար, և՛ բիզնեսի համար ավելի քիչ ռիսկեր է պարունակում:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի հարցը ներդրումային դաշտի մասին էր: Հետաքրքրվեց՝ սա ներդրումային միջավայրի վրա ի՞նչ ազդեցություն կունենա՝ այն նկատառումով, որ ներդրումային դաշտում խրախուսվում է ակտիվությունը, մինչդեռ այս նախագիծը պասիվ քայլեր է ենթադրում: Մելքումանը պնդեց, որ սա չենք կարող հակադրել ներդրումային միջավայրի հետ.
«Մարդիկ ինձ ու Ձեզ չեն հարցնելու՝ տանեն բանկում ավանդ դնե՞ն, թե՞ ուրիշ բան անեն, իրենք նայում են՝ ինչ հնարավորություններ կան»,- ասաց նա։