Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-46W4IYWeq6
A A
Քաղաքականություն

Տնային տնտեսությունները սկսում են հայտնվել վարկային ծուղակներում. պատգամավոր

ՀՀ ազգային ժողովում շարունակվում են քառօրյա նիստի աշխատանքները: Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանականները քննարկեցին «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագծի հեղինակներ Արտակ Մանուկյանը և Վարազդատ Կարապետյանը առաջարկում են, որ սպառողական վարկերի դեպքում սպառողները ձեռագիր և նաև էլեկտրոնային տարբերակով անպայման արձանագրեն, թե որքան է կրեդիտի փաստացի տոկոսը:

Կարգավորումն առաջարկվում է մինչև 300 հազար դրամ և մինչև 3 ամիս ժամկետով վարկերի դեպքում: Նպատակն այն է, որ վարկառուն, տեղեկացված լինելով փաստացի տոկոսադրույքների մասին, ավելի գիտակցված որոշում կայացնի:

«Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի խոսքով՝ պետք է հասնել նրան, որ տնային տնտեսությունները չունենան ավելի շատ ծախսեր, քան վաստակում են.

«Կյանքը վարկերի հաշվին բերում է մի իրավիճակի, երբ տնային տնտեսությունները սկսում են հայտնվել վարկային ծուղակներում և ցավոք սրտի, մեր իրականության մեջ նման ծուղակները շատ են»:

Կարապետյանը համոզմունք հայտնեց՝ մեր երկրի կուտակած արտաքին պարտքը վկայում է, որ մենք ծախսում ենք ավելին, քան կարողանում ենք ստեղծել, ինչը բերում է տնտեսական և քաղաքական վատ հետևանքների:

Նրա խոսքով՝ սկսելով տնային տնտեսություններից՝ պետք է հասնել նաև երկրի տնտեսական կառավարման համակարգին:

Կարգավորումները ուժի մեջ կմտնեն 2021 թվականի հունվարի 1-ից: