Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ո՞ր պարագայում կվերադառնանք խիստ կարանտինային ռեժիմի․ նախարարի պարզաբանումը (տեսանյութ)

«Երբ մեր քաղաքացիները կմնան առանց պատշաճ բուժօգնության, կվերադառնանք խիստ կարանտինային ռեժիմի»,-այս մասին ԱԺ-ում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝  անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին ի պատասխան:

Նախարարը շեշտեց, որ բոլոր սեկտորներով պետք է մեր վարքագիծը այնպես դրսևորենք, որ նման սցենարի առաջ ստիպված չլինենք կանգնել:

Թորոսյանը անդրադարձավ նաև վարքագծային նոր կանոններին և հարցադրմանը, թե դրանց արդյունքները ե՞րբ հնարավոր կլինի գնահատել:

 Նշեց, որ այդ գնահատականը տրվում է պարբերաբար, բայց մասնագետների տարբեր կարծիքների հիման վրա կարելի է ասել, որ դրա գնահատականը հնարավոր կլինի տալ 7-14 օրվա ընթացքում, քանի որ հիվանդության ինկուբացիոն շրջանը հենց այդքան է:

Արսեն Թորոսյանի խոսքով՝ առողջապահական համակարգի վրա բեռը մեծ է, տեղի է ունենում հզորությունների շարունակական զարգացում կոլապսը բացառելու համար:

Կորոնավիրուսի ռիսկային տարիքային խմբում գտնվող անձանց Թորոսյանը կոչ արեց հնարավորինս քիչ շփվել մարդկանց հետ.

 «Ռիսկային տարիքային խմբում գտնվող անձանց կոչ եմ անում հնարավորինս քիչ դուրս գալ փողոց, քիչ շփվել մարդկանց հետ: Նրանց ընտանիքի անդամներին կհորդորեմ հետևել տարեցների առողջության անվտանգությանը»,- ասաց Թորոսյանը: