Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կառավարություն-1
A A
Տնտեսություն

Հայաստանը ներում է Սոմալիի պարտքը

ՀՀ կառավարությունը պատրաստվում է վաղը ընդունել «Սոմալիի պարտքի ներման գործընթացին մասնակցության մասին»  նախագիծը։   Այսինքն՝  Արժույթի միջազգային հիմնադրամում  առկա ներքին հատուկ պահուստներից Հայաստանի Հանրապետությանը բաշխման ենթակա մասնաբաժինը  հատկացվելու է  Սոմալիի վարկերի ներմանը:

Հիշեցնենք, որ  2019թ. դեկտեմբերին Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը ծանր պարտքի բեռ ունեցող աղքատ երկրների (HIPC) նախաձեռնության շրջանակում հաստատել է Սոմալիի վարկերի ներումը: Հիմնադրամն անդամ պետություններին առաջարկել է իրականացնել հատկացումներ Սոմալիի վարկերի ներմանը` Հիմնադրամում ըստ երկրների ստեղծված հատուկ ներքին պահուստների բաշխման հաշվին:

Այդ պահուստները Հիմնադրամը ձևավորել է տարիների ընթացքում վարկերի գծով իրականացված վճարների հաշվեգրումներից և այլ հատկացումներից: Հիմնադրամի անդամ ավելի քան 100 պետություն պատրաստակամություն է հայտնել` ուղղելու 242 մլն Հատուկ փոխառելիության իրավունք Սոմալիի վարկերի ներմանը:

Սոմալիի պարտքի ներման գործընթացի շրջանակներում Հիմնադրամը հաշվարկել և գնահատել է վերոնշյալ հատուկ ներքին պահուստներից Հայաստանի Հանրապետությանը բաշխման ենթակա մասնաբաժինը` 70,878 (յոթանասուն հազար ութ հարյուր յոթանասունութ) Հատուկ փոխառելիության իրավունք, որն առաջարկում է ուղղել Սոմալիի վարկերի ներմանը:

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Հիմնադրամի գործընկերային հարաբերությունները, ինչպես նաև այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության բաշխման ենթակա մասնաբաժնի հաշվին Սոմալիի վարկերի ներման հատկացումը չի ենթադրում կատարվելիք որևէ ծախս կամ չստացված եկամուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համար, ինչպես նաև չի ունենալու ազդեցություն Հայաստանի Հանրապետության արտաքին պահուստների վրա,  կառավարությունը առաջարկում է Հայաստանին բաժին ընկնող մասնաբաժինը 100 տոկոսով ուղղել Սոմալիի վարկերի ներմանը:

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության և  ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

 Նշենք, որ այս հարցը կառավարության վաղվա նիստի օրակարգում է եւ չզեկուցվող է։ Հետաքրքիր  է, որ օրակարգի 31 հարցերից 26-ը չզեկուցվող են։