Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՇՊՀ
A A
Հասարակություն

Շիրակի պետական համալսարանում ռեկտորի ընտրություններ չեն անցկացվում․ ինչո՞ւ

Տևական ժամանակ է «Շիրակի Մ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմանդրամը ռեկտոր չունի ։  

Ռեկտորի պաշտոնակատարը 2018 թվականին հոկտեմբերի 10-ից Երվանդ Սերոբյանն է։

«Ա1+»-ն իրավիճակի շուրջ զրուցել է ՇՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ։ Հետաքրքրվել էինք, թե ինչո՞ւ մինչև օրս խորհուրդը ռեկտոր չի ընտրել, ի՞նչ քայլեր են կատարվում այս ուղղությամբ, կա՞ արդյոք ընտրությունների համար նախատեսված օր։

«Չկա նախատեսված օր խորհրդի կազմը հիմա նվազել-դարձել է 14 հոգի՝ 14-ից պակաս ներկայացուցչական է։ Ռեկտորը պետք է ընտրվի առնվազն 13 քվեով։ Եթե օրինակ կազմակերպվի նման ընտրություն, շատ քիչ է հավանականությունը, որ որևէ թեկնածու 14 հոգուց 13  քվե կհավաքի։ Տեխնիկական բարդություն է։ Ես սպասում եմ, որ կառավարությունը կլրացնի այդ թափուր տեղերը, իսկ ուսանողները 5 հոգու վերջապես կընտրեն և ցանկը կտրամադրեն կառավարությանը, որ կարողանանք նորմալ աշխատել»,- ասաց Բարսեղյանը։

Ըստ Հոգաբարձուների խորհրդի նախագահի՝ ուսանողները երկու անգամ փորձել են ընտրել, սակայն երկուսի դեպքում էլ խախտել են ընթացակարգերը, և իրենց ընտրությունները չեն հաստատվել կառավարությունում, առաջին անգամ նույնիսկ կառավարություն չի էլ հասել։ 

«ՇՊՀ կանոնադրությունն են խախտել, իհարկե դիտավորյալ չեն արել։ Օրինակի համար, սահմանված է, որ պետք է ֆակուլտետների ուսանողական խորհուրդների թեկնածուներ առաջադրվեին, և համալսարանի ուսխորհուրդն ընտրի նրանց կազմից 5 հոգու, իսկ իրենք առանց առաջադրման էին ընտրել 5 հոգու, որը կանոնադրության 28-րդ կետի խախտում է։ Այդ մասին ես նամակ եմ գրել նախարարություն, բացատրել եմ, որ իմ կարծիքով՝ այդ ընտրությունները լեգիտիմ չեն։ Հիմա սպասում ենք, որ ուսանողներն ընտրեն պատշաճ ընթացակարգերով, առաջարկեն կառավարությանը տեղերը լրացնելու համար։ Իսկ հիմա 6 տեղից 1-ն է զբաղցված ուսանողների կողմից»։

Բարսեղյանի խոսքերով՝ եղել են նաև եղել են խորհրդի կազմից դուրս եկածներ․ մեկը Հայկակ Արշամյանն է (կառավարությունից ներկայացված), որը «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն դառնալուց հետո զբաղվածության պատճառով հրաժարվել էր իր անդամությունից, մեկը որոշեց չգալ նիստերին, մյուս երկուսը հրաժարականներ ներկայացրին զբաղվածության («Բիոսոֆիա» ՀԿ նախագահ Գևորգ Պետրոսյան (ԿԳՄՍՆ-ից ներկայացված)), քաղաքական անհամաձայնության պատճառով (ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Գայանե Շագոյանը (ԿԳՄՍՆ-ից ներկայացված) կառավարության հետ Ամուլսարի հարցով անհամաձայնություն), մյուս անդամն էլ Ամալյա Ենգոյանն (կառավարությունից ներկայացված) էր, որը նախկինում զբաղեցրել է վարչապետի աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետի պաշտոնը, և աշխատանքից ազատվելուց հետո նպատակահարմար չէր գտել որպես ՀԽ անդամ հանդես գալ, և ՀԽ-ի համաձայնությամբ լիազորությունները դադարեցվել էին։

Թափուր տեղերից մեկն էլ նախկինում զբաղեցրել է ՇՊՀ պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված, Ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ Էվելինա Մաթևոսյանը, որը ՇՊՀ գիտական խորհրդի անդամ ընտրվելուց հետո, կանոնադրության համաձայն, չէր կարող էլ լինել ՀԽ անդամ։

Բարսեղյանն ասաց, որ թափուր տեղերի մասով ԿԳՄՍ նախարարությունը և կառավարությունը պատշաճ տեղեկացվել են։

Իսկ ընտրություններ չանցակացնելու պաճառը կապված է ներկայացուցչականության հետ։ «Որ 6 հոգի ուսանողից 1-ը չմասնակցի ընտրությանը։ Եվ ի վերջո, անցած ընտրությանների ժամանակ 24-ից 13-իգ ավելի քվե չենք կարողացել ավելի հավաքել, ու մեկն ընտրել ռեկտոր։ Հիմա 14 հոգի խորհրդի կազմ ունենք, եթե երկու երեք հոգի թեկնածու լինի, շատ բարդ է ակնկալել, որ 14-ից գոնե 13 քվե որևէ մեկը կհավաքի»,- եզրափակեց ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը։

Քանի որ նաև կառավարությունն էլ է ՀԽ անդամության համար թեկնածու ներկայացնում, «Ա1+»-ը դիմեց խոսեց նաև վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ։ «ԿԳՍՄ նախարարի հետ պետք է փորձել կապ հաստատել և իրենից ճշտել, թե ինչ է տեղի ունենում։ Որովհետև իրենք պետք է հարցում ուղարկեն, և ոչ թե մեր կողմից պետք է անենք, այսինքն՝ պատասխանտու մարմնից է կախված»,- ի պատասխան մեր հարցին ասաց մամուլի խոսնակը։

Ավելի վաղ Հոգաբարձուների խորհրդի կազմը համալրելու մասով ԿԳՄՍՆ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը մեկնաբանել էր, թե քանի որ մարտի 16-ից  արտակարգ դրության ռեժիմում ենք, քայլեր չեն ձեռնարկվում։ 

Նրա փոխանցմամբ՝ սակայն հաշվի առնելով, որ ստեղծված իրավիճակը կարող է շարունակվել, պատրաստվում են պարետատան հետ  համատեղ քննարկել և գտնել այնպիսի լուծումներ, որ բուհի զարգացումն ու բնականոն գործունեությունը չխաթարվի։