Բացել լրահոսը Փակել լրահոսը
1200px-Forest-stingbert-steinkopf
A A
Պաշտոնական

Ամեն տարի մոտ 10 միլիոն հա անտառապատ տարածք է անհետանում․ հայտարարություն

ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գլխավոր տնօրեն Քյու Դոնգյուն և ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (ՄԱՇՄԾ) գործադիր տնօրեն Ինգեր Անդերսենը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կապված «Աշխարհի անտառների վիճակը» 2020 թվականի համաշխարհային զեկույցի հետ:

«ՔՈՎԻԴ-19 համավարակը համաշխարհային ծավալներ ընդգրկող խորը և տևական ցնցում է և բոլորին պարզ է, որ «սովորական բիզնեսին» վերադարձ չկա։  Անչափ կարևոր է, որ ճգնաժամը դիտարկենք որպես կենսապայմանների վերակերտման և, նույնիսկ, բարելավման հնարավորություն։  Մարդկության՝ բնության, և մասնավորապես՝ կենսաբազմազանության հետ ներդաշնակ հարաբերությունների վերականգնումն այլևս օրախնդիր է։ 

«Աշխարհի անտառների վիճակը» 2020 թվականի համաշխարհային զեկույցը՝ պատրաստված Միավորված ազգերի կազմակերպության Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) և Միավորված ազգերի կազմակերպության Շրջակա միջավայրի ծրագրի (ՄԱՇՄԾ) համատեղ ջանքերով, օգնում է այդ գործի իրականացման ռազմավարություն ուրվագծել։ Զեկույցում քննության է առնվում  բնության պահպանության և կենսաբազմազանության կայուն օգտագործման գործում անտառների և դրանք օգտագործող ու կառավարող մարդկանց ունեցած դերակատարությունը։ 

Անտառներն աշխարհի ցամաքային կենսաբազմազանության բնօրրանն են և մեզ են առաջարկում ծառայությունների լայն ներկապնակ՝ սկսած օդի և ջրի մաքրումից մինչև ավելի քան մեկ միլիարդ մարդու կողմից սպառվող բնական սննդամթերքը, ինչպես նաև 2.4 միլիարդ մարդու համար մթերք պատրաստելու վառելանյութ։ Անտառները նաև ուղղակիորեն ազդում են մարդկանց գոյատևման վրա՝ տրամադրելով ավելի քան 86 միլիոն «աշխատատեղ» և նպաստելով բազմաթիվ այլ մարդկանց կենսապայմանների բարելավմանը։ 

Մենք պետք է ավելի շատ և ավելի լավ ջանքեր գործադրենք՝ մեզ շնորհված այս պարգևի պաշտպանությունն ապահովելու համար, որը դեռ շարունակում է պարգևներ շնորհել։ Անտառներից կայուն օգուտներ ստանալը նշանակում է ավելի մեծ ուշադրության հատկացում նրանց կարիքներին, որոնք, ըստ էության, նաև մեր կարիքներն են։ Անտառների և կենսաբազմազանության դեգրադացումը և կորուստը բնության հավասարակշռության խախտմանը և, ընդհանուր առմամբ, մարդկանց համաճարակային հիվանդությունների վտանգի մեծացմանը նպաստող գործոն է։ Չնայած վերջին տասնամյակում գլոբալ անտառահատումները նվազել են, սակայն ամեն տարի դեռևս մոտ 10 միլիոն հա անտառապատ տարածք է անհետանում, իսկ դրա հետ մեկտեղ՝ կենսական տեսակներ։ 

Սա գալիս է ակնառու կերպով ապացուցելու, որ անտառահատման հիմնական դրդապատճառը գյուղատնտեսության ընդլայնումն է: Հողի ոչ ռացիոնալ օգտագործումը, ցանքանտարածությունները, մսամթերքի, ձեթի, յուղի և հացահատիկային մշակաբույսերի արտադրության նպատակով, որին հաջորդում է նաև կենսապահովման գյուղատնտեսական գործունեությունը, կազմում են արևադարձային անտառահատումների 75 տոկոսը: 

Մակընթացությանը դիմակայելու համար մենք պետք է նորարար և կայուն գյուղատնտեսական գործելակերպեր կիրառենք, որոնք կհավասարակշռեն բնության վրա հիմնված լուծումները և կօգնեն պահպանել կենսաբազմազանությունը։ Գյուղատնտեսության գործառույթները և դիմակայունությունը կախված են կենսաբազմազանությունից՝ նպաստելու փոշոտման ծառայություններին, ջրի շրջապտույտին, հողի և էրոզիայի վերահսկողությանը։ Կենսաբազմազանության պահպանումը կարևոր է ոչ միայն շրջակա միջավայրի համար, այլև առավել բազմազան, առողջ, հավասարակշռված սնուցման նախապայմանն է։  


Մենք պետք է նաև ինտեգրված լանդշաֆտային վերականգնման մոտեցումներ որդեգրենք։ Անտառները կարելի է պահպանել և կառավարել այնպես, որ դրանք նպաստեն աշխատատեղերի ստեղծմանը, էկոհամակարգերի վերականգնմանը և կենսամիջավայրի բարելավմանը՝ հավասարապես թե՛ մարդկանց, թե՛ բնության համար։ 

Որպես օրինակ կարելի է դիտարկել մայաների կենսոլորտային արգելոցը՝ Կենտրոնական Ամերիկայի արեւադարձային անտառների ամենաընդարձակ պահպանվող տարածքը։ Արգելոցը հիմնվել է 1990 թվականին, որի զգալի հատվածը բազմակի օգտագործման թույլտվությամբ հանձնվել է փոքր գյուղացիական տնտեսություններից կազմված համայնքների տնօրինմանը՝ միևնույն ժամանակ տրամադրելով նաև տեխնիկական օժանդակություն, շուկայի հասանելիություն, ինստիտուցիոնալ աջակցություն և կարգավորիչ շրջանակ։ Այս ամենը քաջալերեց որոշակի անտառանյութ արդյունահանել՝ կառավարման սահմանված ստանդարտների սահմաններում։ Ինչպես պարզվեց, բնակիչներն արգելոցի համար պահանջվող միջինից պակաս ծառահատում էին կատարել՝ նվազեցնելով անտառային հրդեհների դեպքերը, ընդլայնելով անտառածածկույթը և պահպանելով տեղական հովազների (յագուար) պոպուլյացիաները։ 

Բացի այս գործընթացում ներգրավված անձանց խրախուսելի աշխատանքից, հովազների գոյությունը, ևս,  կարևոր հանգամանք է։ Վերջիններս բնության պահպանության և վերականգնման խնդրի մեկ այլ կարևոր կողմն են արտացոլում։ Անտառները ոչ միայն կենսաբազմազանության օրրանն են, այլև մեծապես կախված են դրանց բնակիչներից։ Աշխարհի որոշ եզակի ծառեր կախման մեջ են գտնվում բնիկ կենդանիներից, օրինակ՝ Հյուսիսային Ամերիկայի արջերից, Կենտրոնական Աֆրիկայի գորիլլաներից, Չինաստանի պանդաներից, Ավստրալիայի կոալաներից, որոնք հանդես են գալիս որպես էկոլոգիական ճարտարապետներ՝ մեծ դեր ստանձնելով սերմերի ցրման գործում, ի թիվս այլ կարևոր էկոհամակարգային ծառայությունների։ 

էկոհամակարգերի վերականգնման 2021-2030 թթ. ՄԱԿ-ի տասնամյակին նախապատրաստվելու գործընթացում, որը համատեղ կղեկավարեն ՄԱԿ ՊԳԿ-ն և ՄԱՇՄԾ-ն, ավելի է կարևորվում այս ամբողջական մոտեցումը՝ գիտելիքից գործին անցնելու նպատակով։ 

Այս տարվա «Աշխարհի անտառների վիճակը» զեկույցից ուշագրավ բացահայտումներից մեկն այն է, որ աշխարհի անտառապատ տարածքի 7 տոկոսը բաժանված է 1000 հեկտարից կամ 10 քառակուսի կիլոմետրից պակաս տարածք զբաղեցնող ավելի քան 34 միլիոն փոքր հատվածների: Այս մասնատումը խոչընդոտում է լանդշաֆտային տարածքներին, որտեղ բարգավաճում է կենսաբազմազանությունը: Մեզ անհրաժեշտ է ավելի լայնածավալ վերականգնում, որը կիրագործվի այնպես, որ աջակցի գյուղական համայնքների կենսապահովմանը և մեղմի կլիմայի փոփոխությունը:  

ՔՈՎԻԴ-19 համավարակով պայմանավորված արտակարգ դրությունը համաշխարհային նախազգուշացում է, որը չնայած իր պատճառած վնասներին, կարող է նպաստել երջանիկ ապագա տանող առավել  ստեղծագործ և ներառական ուղիների որոնմանը. ապագա, որտեղ տնկում ենք նորանոր ծառեր՝ պահպանելով եղածը: Անտառներն ու այնտեղ ապաստանած հարուստ կենսաբազմազանությունը սատարում են մեր համայնքների և տնտեսությունների շարժընթացին, և մենք պետք է համագործակցենք բնության հետ, որպեսզի դրանք բարգավաճեն:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն»։