Բացել լրահոսը Փակել լրահոսը
59C0302B-864E-49F7-94FA-D46C1CB064CD_w1200_r1
A A
Քաղաքականություն

Սմբատ Գոգյանն ԱԺ-ում է. փակ քննարկում՝ Գրիշա Թամրազյանի մասնակցությամբ

Մեկնարկել է Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդների եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նիստը, որն այսօր մի քանի անգամ հետաձգվել էր: 

Նիստի օրակարգում մեկ հարց է՝ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականը եւ նրա կողմից արված հայտարարությունները: Նիստին մասնակցում են ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը և փոխնախարար Գրիշա Թամրազյանը:

Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ որոշում կայացվեց նիստն անցկացնել դռնփակ: Գոգյանը և Թամրազյանը մինչ նիստի մեկնարկը հրաժարվեցին պատասխանել լրագրողների հարցերին:

Հիշեցնենք, որ Գոգյանը պնդել էր՝ իր հրաժարականի պատճառներից մեկը այն է, որ Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի դոկտորական ատենախոսության մեջ կան գրագողության ակնհայտ հետքեր եւ այլ գիտական աշխատանքներից թարգմանություններ, եւ որ այս իրավիճակում ռեկտորը, անկախ ամեն ինչից, շարունակում է համալսարանը ղեկավարել համապատասխան կապերի եւ որոշ հովանավորչության շնորհիվ:

Գոգյանը հովանավորչության սլաքներն ուղղել էր կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանի կողմը: Այս հայտարարությանը այսօր անդրադարձել  է նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ով հայտարարել է՝ եթե կպարզվի, որ Գրիշա Թամրազյանը կատարել է հովանավորչություն, ապա նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, իսկ հակառակ դեպքում՝ Սմբատ Գոգյանը սուտ մատնության համար կարող է ենթարկվել պատասխանատվության։

Գոգյանը ԲՈԿ նախագահի պաշտոնից ազատման մասին հայտնել էր մայիսի 14-ին: