Բացել լրահոսը Փակել լրահոսը
0000049
A A
Տնտեսություն

Ապրիլ ամսին Հայաստանի տնտեսությունը գրանցել է ռեկորդային՝ 17,2 տոկոս անկում

Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2020թ․ապրիլ ամսին 2019թ․ ապրիլի համեմատ գրանցել է երկնիշ՝ 17,2 տոկոս անկում։ Նման անկում չէր գրանցվել 2009թ․ ճգնաժամից հետո, երբ տարվա կտրվածքով ՀՀ տնտեսությունը նվազեց մոտ 14 տոկոսով։ Եվ այս ամսվա տվյալը կորոնավիրուսի համաճարակի խոշոր բացասական ազդեցության առաջին պաշտոնական ցուցանիշն էր, որն այսօր հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն։ Ընդ որում ապրիլին խոշոր անկումներ են գրանցվել տնտեսության բոլոր ոլորտներում՝ առանց բացառության։

Հիշեցնենք, որ հենց ապրիլ ամսին է եղել արտակարգ դրությամբ պայմանավորված տնտեսական ճյուղերի աշխատանքի համատարած դադարեցումը։ Արտակարգ դրությունը սահմանվեց մարտի 16-ին, և նախորդող 15 օրերի աշխատանքը հնարավորություն տվեց, որ այդ ամիս անկումը մեծ չլինի։ Ավելին՝ եռամսյակային տվյալներով անգամ 4 տոկոս աճ գրանցվեց։ Իսկ արդեն հունվար-ապրիլ ամիսներին տնտեսական ակտիվությունն ունեցել է 1,7 տոկոս անկում։

Ներկայացնելով տնտեսության տարբեր ճյուղերում տեղի ունեցած զարգացումները՝ Վիճակագրական կոմիտեն արձանագրել է, որ առաջին 4 ամիսներին ամենամեծ անկումը գրանցվել է շինարարության ոլորտում։ Իսկ միայն ապրիլ ամսին 2019թ․ ապրիլի համեմատ այս ոլորտն ունեցել է աննախադեպ չափերի՝ 51 տոկոս անկում։ Հաջորդը արտաքին առևտուրն է՝ չորս ամիսների կտրվածքով՝ 10,4 տոկոս անկում, միայն ապրիլին՝ 28,4 տոկոս։

Չորս ամիսների կտրվածքով հաջորդ խոշոր՝ 8,6 տոկոս անկումը եղել է առևտրի շրջանառության ոլորտում։ Միայն ապրիլին՝ մոտ 33 տոկոս անկում։ Ծառայությունների ոլորտում՝ 15,9 տոկոս անկում։ Վիճակագրական կոմիտեն ապրիլին անկում է գրանցել նաև արդյունաբերության ոլորտում՝ 8,6 տոկոս։

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ մարտ ամսից հետո ՀՀ տնտեսությունը հայտնվել է ազատ անկման ռեժիմում, ինչը կարող է շարունակվել նաև հետագա ամիսներին, քանի որ աշխատանքների մեկ ամսվա դադարից հետո հնարավոր չէ միանգամից վերագործարկվել։ Հատկապես որ աշխատավարձ չստանալու կամ ավելի քիչ ստանալու, արտերկրից մասնավոր տրանսֆերտ չստանալու, ինչպես նաև արտաքին աշխարհի հետ տնտեսական հարաբերությունները նվազեցնելու իրողությունները շարունակվում են ու ճնշում են տնտեսությանը։

Հիշեցնենք նաև, որ համաճարակի ազդեցության պատճառով ապրիլ ամսին երբ կառավարությունը Ազգային ժողովի միջոցով փոփոխություն կատարեց Բյուջեի մասին օրենքում, ՀՀ տնտեսական աճի կանխատեսվող 4,9 տոկոս ցուցանիշը կրկնակի նվազեցրեց մինչև 2 տոկոս անկման։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում անգամ լավատեսություն է հայտնել, որ տարվա կտրվածքով թեև ցածր, բայց միգուցե դրական ցուցանիշ ունենանք։ Մինչդեռ ապրիլ ամսին գրանցված 17,2 տոկոս անկումը ցույց է տալիս մեր իշխանությունները բավականին լավատես են։ Անկումը լինելու է շատ ավելի մեծ, ու կառավարությունը հավանաբար ստիպված է լինելու ևս մեկ անգամ փոխել իր կանխատեսումը։

Հավելենք, որ ապրիլ ամսվա տվյալները չի հրապարակել Պետեկամուտների կոմիտեն, որպեսզի հասկանալի լինի, թե տնտեսական այս խոշոր անկումը որքան է նվազեցրել եկամուտների հավաքագրումը։