Բացել լրահոսը Փակել լրահոսը
Gexam-Gevorgyan
A A
Քաղաքականություն Հասարակություն

Ինչո՞ւ դիմակի գինը չի նվազում. պարզաբանում է ՏՄՊՊՀ նախագահը (տեսանյութ)

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ՝ խորհրդարանական լսումներ են կազմակերպվել:

Թեման «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական ​​հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին» զեկույցն է:

 Լսումներին մասնակցում են ԱԺ պատգամավորները, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական ​​հանձնաժողովի ներկայացուցիչները , ինչպես նաև  բիզնես ոլորտի շահառուները:

Զեկույցը ներկայացնելուց հետո ՏՄՊՊՀ նախագահը պատասխանեց նաև պատգամավորների հարցերին:

ԱԺ փոխխոսնակ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգանից հետաքրքրվեց՝ ի՞նչն է պատճառը, որ 2 ամիս շարունակ դիմակների  և այլ ապրանքների գների խնդրին անդրադարձ չի եղել, թեև այդ մասին խոսվում է արդեն երկու ամիս, Գևորգյանը վստահեցրեց՝ անդրադարձել են բոլոր ահազանգերին, պարենային 39 անուն ապրանքների շուկայում իրականացրել են ուսումնասիրություն և հարուցել մի շարք վարույթներ՝ ցիտրուսի, կոճապղպեղի, ալյուրի, շաքարի, ձվի, կարագի, ցորենի , ձեթի, հավի մսի ոլորտներում:

Սպասում են տնտեսվարողների պարզաբանումներին՝ ինչն է գների բարձրացման հիմնական պատճառը, կլինեն զգուշացումներ և պատասխանատվության  ենթարկվողներ:

Գևորգյանը շեշտեց, որ կարագի շուկայում, թեև կան հարուցված վարույթներ, բայց  ուսումնասիրությունների ընթացքում գնի նվազում են արձանագրել:

«Փետրվարին կարագի գինը եղել է 3730 դրամ, պիկին հասել է 3870 դրամ, այնուհետև իջել է 3700 և 3680 դրամ»: 

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամվոր Նաիրա Զոհրաբյանը կասկածի տակ դրեց կարագի գնի վերաբերյալ ներկայացված ցուցանիշները: Միևնույն ժամանակ անդրադարձավ դիմակների գներին, շեշտեց՝  որևէ տեղ չենք կարող դիմակ գտնել գոնե 150 դրամով, մտել է առնվազն 12 դեղատուն:

Պատգամավորն ընդգծեց՝ դիմակներ ներկրողների վերաբերյալ մանրամասներ կհայտնի, 220 դրամով դիմակ վաճառելով՝ նրանք սուպեր գերշահույթ են ստանում:

Գևորգյանը արձագանքեց, որ հանձնաժողովը գործում է իր լիազորությունների շրջանակներում.

«Եթե ես զանգեմ ներմուծողներին, ասեմ՝ գնացե՛ք, դիմակի գինը 60 դրամ իջեցրեք, թե չէ ձեզ պատասխանատվության կենթարկեմ, դա կարող է որակվել որպես իմ պաշտոնական լիազորությունների սահմանազանցում, կարող են ինձ ասել ՝ ինչո՞ւ ես միջամտում տնտեսական գործունեությանը ոչ իրավական ճանապարհով»:

Գևորգյանը նաև հայտնեց, որ միջազգային շուկայից դիմակը ձեռք է բերվում 113-140 դրամով, նույն ինքնարժեքն է նաև տեղական արտադրանքի շուկայում, ուստի գերշահույթի մասին խոսք չկա: