Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Նոր տնօրենն ասում է՝ դիմում գրե՛ք, դո՛ւրս եկեք»․ ՀՈԱԿ-ի աշխատակիցները բողոքում են (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նոր տնօրենը կադրային ջարդ է իրականացնում։ Այսօր բացօթյա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՈԱԿ-ի աշխատակիցներից մեկը։

«Նոր տնօրենն ասում է՝ «դիմում գրե՛ք, դո՛ւրս եկեք։ Պարտավորված չեմ զգում ասելու, թե ինչով է պայմանավորված։ Ուղղակի չեմ ուզում, որ այստեղ  աշխատեք»»,- շարունակեց նա՝ հավելելով, որ աշխատանքից ազատման ծանուցագիր ստացած աշխատակիցներից մեկը հղի կին է։

ՀՈԱԿ-ի աշխատակիցներից Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի ղեկավարը նշեց, որ  ապրիլի 27-ին նախկին տնօրեն Արմեն Բեգոյանին հեռացրին աշխատանքից, իսկ ապրիլի 28-ին նոր տնօրենի՝ Արա Աղայանի, նշանակումից հետո սկսվեց քաոսային իրավիճակ։

«Առաջին օրվանից ինքն իր բերած անձնակազմը՝ տեղակալ և այլն, ովքեր կան, անհասկանալի մարդիկ, սկսեցին չբարևել անձնակազմին։ Մենք ընդամենը երկու սենյակում ենք աշխատում 4 ամիս, արդեն 5-րդ ամիսն է։ Փոքրիկ տարածքում, մի սենյակում 12-15 հոգի մարդ ենք նստում, մյուս սենյակում՝ 10 հոգի։ Եվ այս պայմաններում ենք աշխատում։ Անցնում-մտնում է ներս, չի բարեւում, իրեն հաջող ես անում, որ գնաս տուն, ինքն արհամարհում է քեզ»,- շարունակեց նա։

ՀՈԱԿ-ի կադրերի բաժնի պետն ասաց, որ ինքը տեղյակ չի եղել, որ ծանուցումներ են պատրաստվել և ուղարկվել աշխատակիցներին․ «Ես իրենց հետ միասին նստած սենյակում՝ տեղեկացել եմ այդ ծանուցումների մասին։ Անկեղծ ասած՝ ես մտել-խոսել եմ և անընդունելի եմ համարել այդպիսի վեարբերմունքը ցանկացած աշխատակցի նկատմամբ։ Գոյություն ունեն կանոններ, գոյություն ունի էթիկա, որը պիտի պահպանվի ցանկացած դեպքում։ Սա այն աշխատակիցներն են, որոնք ընտրվել են ռեզյումներով, եկել են դրսից, ոչ մի ծանոթ, առհասարակ ոչ մեկին չեմ ճանաչել»։

Ասուլիսին ներկա էին նաև Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից ղեկավար Միքայել Մանրիկյանը, Մարկս Հարությունյանը, «Լույս» խմբակցությունից Թեհմինա Վարդանյանը։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն ասաց, որ խնդրի վերաբերյալ տեղեկացել են ասուլիսի մասնակիցներից։ 

«Առաջին տարբերակը, որ տեսնում ենք լուծում, մենք մի քիչ հետո կզրուցենք Հրաչյա Սարգսյանի հետ և աշխատակազի ղեկավարի՝ Վահե Խաչատրյանի հետ։ Կուսումնասիրենք այն իրավական հիմքերը, որոնցով մեր հարգարժան աշխատակիցներին տվել են ազատման թերթիկները, և դրանից հետո արդեն կկատերենք մեր հաջորդ քայլերը»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում