Բարձր ձայնով երթևեկելու համար խլացուցիչները վերասարքավորելն օրենքով արգելվում է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱնվտանգ երթևեկության առաջին նախապայմանը երթևեկության կանոնները պահպանելն է, ինչը միայն լուսացույցներին ու տարբերանշաններին հետևելով չի սահմանափակվում: Մեքենա վարելիս անհրաժեշտ է չխաթարել քաղաքացիների անդորրը:
Շրջակա միջավայրին և բնակչությանն էկոլոգիական վնաս չպատճառելու համար տրանսպորտային միջոցից արտանետվող գազի քանակը նույնպես պետք է նորմայի սահմաններում լինի: Բայց կան վարորդներ, որոնք առանց թույլտվության մեքենաների խլացուցիչները վերասարքավորում են բարձր ձայնով երթևեկելու համար:
Աղմուկն անհանգստացնում է քաղաքացիներին, իսկ խլացուցիչից արտանետվող գազերն այլևս նորմայի սահմաններում չեն: Կան և վարորդներ, ովքեր մեքենան գնում են` չիմանալով, որ խլացուցիչը վերասարքավորված է:
Երկու դեպքում էլ ճանապարհային ոստիկանները հայտնաբերելով նման տրասնսպորտային միջոցներ` վարորդներին հորդորում են տեխսպասարկման կետերում վերացնել թերությունները: Փորձագետները փաստում են, որ շուկայում կան հեռակառավարման վահանակով կառավարվող սարքեր, որոնց միջոցով վարորդները, սպորտային մեքենայի ձայն ստանալու համար, դարձյալ վերասարքավորում են խլացուցիչները, ինչը նույնպես անթույլատրելի է: Պատկերը բոլորովին այլ է, երբ խլացուցիչի ձայնը թեև բարձր է, բայց մեքենան գործարանային վիճակում է: Այս դեպքում շարժիչն աշխատում է բնականոն ռեժիմով, վառելիքի գերածախս չի լինում և արտանետվող գազի քանակը նորմայի սահմաններում է: Բարձր ձայնով երթևեկելու նպատակով խլացուցիչները վերասարքավորելն օրենքով անթույլատրելի է:
Եվ ճանապարհային ոստիկանությունը հետևողական է այս հարցում: Պարբերաբար իրականացվող ուժեղացված ծառայությունների ընթացքում ճանապարհային ոստիկաններն առանձնակի ուշադրություն են դարձնում և հայտնաբերում են վերասարքավորված խլացուցիչներով տրանսպորտային միջոցներ:
Նման մեքենաներով երթևեկող վարորդների նկատմամբ կազմվում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն` 123-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն, ինչպես և վերցվում է տվյալ տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը և վարորդին տրամադրվում է ժամանակավոր վկայական, որպեսզի տասը օրվա ընթացքում նա վերացնի թերությունը և տրանսպորտային միջոցը ներկայացնի ճանապարհային ոստիկանություն:
Հորդորում ենք բոլոր այն վարորդներին, ովքեր առանց թույլտվության բարձր ձայնով երթևեկելու համար վերասարքավորել են իրենց տրանսպորտային միջոցների խլացուցիչները, վարչական պատասխանատվությունից խուսափելու համար վերացնեն թերությունները: Սա ճանապարհային երթևեկության այն կանոնն է, որը պահպանելով` պահպանում ենք մեր քաղաքացիների անդորրը, էկոլոգիապես մաքուր պահում մեր երկիրը:
ՀՀ ոստիկանություն