Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դիմակ-ձեռնոցի կրում
A A
Հասարակություն

Դիմակ և ձեռնոց կրելը ո՞ր դեպքերում է պարտադիր

Մասնավոր, անձնական մեքենայի մեջ դիմակի առկայությունը պարտադիր է, իսկ կրելը՝ ոչ։ Կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության կանոնների վերաբերյալ «Ա1+»-ի հետ զրույցում ասաց փոխվարչապետ, կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Իսկ տաքսիստների մասով Հունանյան ասաց, որ նրանք թե՛ ձեռնոց պետք է կրեն, թե՛ դիմակ։

«Թե՛ ձեռնոցի, թե՛ դիմակի դեպքում, այսպես ասեմ, կանոնները խախտելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով սահմանված է 100 հազարից 250 հազար դրամ տուգանք այս պահի դրությամբ, բայց հիմա տեսել եք, որ Ազգային ժողովում փոփոխությունների նախագիծ է ներկայացվել՝ տուգանքը 10 հազար դրամ սահմանելու համար», - հավելեց Հունանյանը։

Ճշտող հարցին՝ հանրային տրանսպորտ նստելիս ձեռնոց չկրելու դեպքում նույն տուգա՞նքն է լինելու, որքան դիմակի դեպքում է, պատասխանեց. «Այո»։

Բաց տարածքում քայլելիս քաղաքացու մոտ դիմակի առկայությունը պարտադիր է, իսկ ձեռնոցինը՝ ոչ։

 «Ամեն տեղի համար կա սահմանված կանոն։ Իսկ մանրամասների համար կարող եք նայել պարետի որոշումները, որոնցում ամեն ոլորտին վերաբերող հավելվածներ կան։ Օրինակ մանկապարտեզում ինչ կանոններ են գործում, սննդի օբյեկտներում, արտադրական տարածքներում։ Հստակ տրանսպորտն էլ է նշված, թե մետրոյի դեպքում ինչպես է, հանրային տրանսպորտի դեպքում ինչպես է, տաքսիի դեպքում ինչպես է։ Այսինքն՝ յուրաքանչյուրի դեպքում կա սահմանված իր կանոնը։ Պարետի համար 74 որոշման մեջ մանրամասնորեն գրված է, թե ինչ կանոններ կան վարորդների, ուղևորների, տրանսպորտի համար», - եզրափակեց Վահան Հունանյանը։