Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գլխավոր նկար Շավարշ Կարպետյան
A A
Պաշտոնական

Շավարշ Կարապետյանի կյանքի և հերոսությունների պատմությունը կէկրանավորվի

Այսօր՝ մայիսի 19-ին, հայ սուզալողորդ, ջրասուզալող մարզաաձևում աշխարհի 11-ակի ռեկորդակիր, աշխարհի 17-ակի չեմպիոն, Եվրոպայի 13-ակի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն Շավարշ Կարապետյանի ծննդյան օրն է: Կենդանի լեգենդը դառնում է 67 տարեկան: 

Շավարշ Կարապետյան պրոֆեսիոնալ լողորդի և վարպետի անունը լսելով չեմպիոնի մեդալները չէ միայն, որ հիշում են մարդիկ, այլև կատարած սխրանքներն ու մարդկային կյանքեր փրկելու «սովորությունը»: Պատմության մեջ և մարդկանց հիշողություններում դաջվել է 1976 թվականի սեպտեմբերի 16-ը, երբ տրոլեյբուսը հայտնվել էր Երևանյան լճում: Շավարշն առանց վարանելու նետվել էր ջուրը, տրոլեյբուսից դուրս բերել ուղևորների մեծ մասին, այդպիսով փրկել 20 կյանք: Նա կասեցրել էր մարզիկներով լի ավտոբուսի վթարը, մասնակցել Մարզահամերգային համալիրի խոշոր հրդեհի փրկարարական աշխատանքներին: 

Կինոռեժիսոր Արտակ Իգիթյանը «Հայֆիլմ» կինոստուդիայի հետ համատեղ պատրաստվում է էկրանավորել Շավարշ Կարապետյանի կյանքի և հերոսությունների պատմությունը: 

«20». այսպես է կոչվելու մարզական էքշըն-դրամա ժանրի կենսագրական ֆիլմը, որի գործողությունների առանցքային 1976 թվականի սեպտեմբերի 16-ի իրադարձությունն է: 

Արտակ Իգիթյանը շնորհավորել է վարպետին ծննդյան օրվա առիթով և պատմել ֆիլմի ստեղծման գաղափարի, ընթացիկ աշխատանքների մասին: Ռեժիսորը ճգնաժամային իրավիճակում նման ծրագրի իրականացումը հնարավոր է համարում միայն համատեղ արտադրության՝ co-production-ի միջոցով. 

 «Մենք ունենք կենդանի հերոսներ, ովքեր ապրում են մեր կողքին: Դրանցից մեկը Շավարշն է, ով իր արարքներով մարդկային քաջության և պարզապես մարդ լինելու լավագույն օրինակներից է ժամանակակից երիտասարդության համար: Շնորհավորում եմ վարպետին ծննդյան օրվա առիթով և մաղթում քաջառողջություն, երկար տարիների կյանք: Ես վաղուց եմ ցանկացել Շավարշի մասին պատմող ֆիլմ նկարահանել, և շատ ուրախ եմ, որ հենց «Հայֆիլմ» կինոստուդիան հանձն առավ այս նախագծի իրականացումը: Հիմա ֆիլմի ստեղծման ամենաբարդ և կարևոր փուլերից մեկն է՝ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում: Այս պահին կան արտասահմանյան մի քանի կինոընկերություններ, որոնք պաշտոնապես ներկայացրել են իրենց հետաքրքրվածությունը այս պատմության էկրանավորման ֆինանսավորման հարցում և պատրաստ են դա իրականացնել այն պայմանով, որ Հայաստանն էլ մասնակցի ծրագրի համաֆինանսավորմանը՝ ի դեմս համապատասխան մասնագիտական գերատեսչությունների»,- հավելեց Արտակ Իգիթյանը:

Արտակ Իգիթյանը նշեց, որ այս փուլում ֆիլմի ստեղծման համար ամենակարևոր գործողություններն են իրականացվում, քանի որ նպատակ ունեն 70-ականների կոլորիտային Երևանի մթնոլորտը, մարդկանց, ճարտարապետությունն առավելագույնս բնորոշ պատկերել ֆիլմում: Նկարահանումների մեծ մասը տեղի է ունենալու Հայաստանում, նաև Ուկրաինայում և Ֆրանսիայում, իսկ դերասանական կազմում ներգրավված են լինելու դերասաններ ոչ միայն Հայաստանից, այլև Ֆրանսիայից և Իտալիայից:

 

***

Արտակ Իգիթյանը ռուսաստանաբնակ, ազգությամբ հայ ռեժիսոր, օպերատոր, սցենարիստ  ՌԴ Կինեմատոգրաֆիստների միության և գիլդիայի անդամ է (ֆիլմոգրաֆիա՝ «Ձախլիկը»,«Կրակ, ջուր և ադամանդներ», «Վանա ծովուն արշալույսը», «Ժերար Դեպարդյո գինեգործը», «Ես հայ եմ», «Համերի ճանապարհ»  «Անատոլիական պատմություն», վերջին ֆիլմը նկարահանման փուլում է): 2000 թվականին ԿՀՊԻ-ի միջազգային կինոփառատոնում ճանաչվել է լավագույն օպերատոր, Սանկտ Պետերբուրգի միջազգային փառատոնում զբաղեցրել է առաջին տեղը և ստացել «Ոսկե Կենտավրոս» մրցանակ: 

***

1976թ. սեպտեմբերի 16-ին լողորդ Շավարշ Կարապետյանը Երևանյան լճում հայտնված և մոտ 10 մետր ընկղմված տրոլեյբուսից  փրկել է 20 մարդու կյանք: Շավարշը նետվել է ջուրը և, կոտրելով տրոլեյբուսի ապակին, դուրս բերել սրահում գտնվող ուղևորներին: 44 րոպե անց տրոլեյբուսը ջրից հանել են մարզիկի օգնությամբ. նա, վերջին անգամ սուզվելով ջուրը, պարանն ամրացրել է մեքենային, ապա, ափ հասնելով, ուշաթափվել: Դեպքից հետո Կարապետյանը երկար ժամանակ շատ ծանր վիճակում է եղել, ունեցել է առողջական լուրջ խնդիրներ՝ արյան վարակում ու թոքերի բորբոքում: 

1974-ին Ծաղկաձորի սպորտային բազայից ավտոբուսով վերադառնալիս վերելքի վրա վարորդը նկատում է շարժիչի անսարքությունը, կանգնեցնում է մեքենան եւ դուրս գալիս։ Այդ պահին ավտոբուսը շարժվում է տեղից։ Ավտոբուսում էր նաև Շավարշ Կարապետյանը, ով արմունկով ջարդում է վարորդի խցիկի ապակյա պատը եւ կանգնեցնում մեքենան:

1985 թվականին Մարզահամերգային համալիրի խոշոր հրդեհի ժամանակ Շավարշ Կարապետյանը մոտակայքում է լինում: Նկատելով հրդեհը՝ անմիջապես մոտենում է փրկարարներին, վերցնում ջրի խողովակը և ներս մտնելով մարում է կրակի ամենավտանգավոր հատվածը, որից հետո հրշեջների աշխատանքը հեշտանում է: Կրակը մարելուց հետո նա ուշագնաց է լինում, քանի որ գազային թունավորում էր ստացել:

SPRING PR-ընկերություն