Բացել լրահոսը Փակել լրահոսը
մարզասրահ
A A
Հասարակություն

Մարզասրահների գործունեությունը թույլատրված է, բայց որոշները չեն գործելու

Կորոնավիրուսի և արտակարգ դրության օրերին մարզասրահներում մարզվելը ֆիզիկական սահմանափակումներից զատ որոշ դեպքերում կարող է նույնիսկ սովորականից ավելի թանկ լինել:

«Լեդի ֆիտնես» մարզասրահների տնօրեն Վարդան Ստեփանյանն, օրինակ՝ «Ա1+»-ի հետ զրույցում անկեղծացավ՝ գինը բարձրացրել են, որ հաճախորդները քիչ լինեն և կարողանան համապատասխան պայմաններ ապահովել:

Ընկերության տնօրենից հետաքրքրվեցինք՝ որքա՞ն ֆինանսական կորուստ են ունեցել փակ լինելու ընթացքում, պարզվեց՝ մոտ 3 մլն դրամի մասին է խոսքը,  պետությունից էլ 106 հազար դրամ են ստացել ՝ որպես աջակցություն: Նախապես գրանցված այցելուները շատ չեն, թեև մարզասրահը ապահովել է պարետատան ցուցումներին համապատասխան պայմաններ՝ վազքուղիները միմյանցից հեռու են դրել, մարզասարքերից թույլատրում են օգտել հերթափոխով՝ ընթացքում ախտահանելով սարքավորւոմները:

Տնօրենը կարծում է՝ ճիշտ կլիներ զգեստափոխվելը, այնուամենայնիվ, թույլատրեին, քանի որ մարդկանց համար անհարմարություններ են առաջանում:

Նշենք, որ պարետատունը մարզասրահների անվտանգ գործունեության համար մի շարք կանոններ է ներկայացրել, այդ թվում ՝ այցելուները պետք է ներկայանան մարզումների արդեն հագնված, ինչպես նաև մարզվելուց առաջ և հետո ցնցուղի ընդունումն իրականացվելու է տանը:

Մի քանի մարզասրահների դեպքում թանկացումների մասին խոսք չկա, բայց  արդեն հայտարարել են՝ այցելուներ չեն ընդունելու, թեև պարետատունը թույլատրել է՝ հատուկ պայմաններով:

Չաշխատելու որոշում կայացրածների թվում է «Ռիբոկ» սպորտային ակումբը:  Վերջինիս տնօրինությունը կարծում է՝  նշված պայմաններով հնարավոր չէ ապահովել հարմարավետ մարզումներ: Մարզասրահի աշխատակցից հետաքրքրվեցինք, հատկապես ո՞ր պայմանն է խնդրի պատճառ դարձել,  նա նույնպես  արդեն մարզահագուստով մարզումների ներկայանալու պահանջը մատնանշեց: Թե երբ կվերաբացվի մարզասրահը, հայտնի չէ:

Չգործելու որոշում է կայացրել նաև «Gold's Gym Armenia» սպորտային ակումբը, այս մասին իրենց այցելուներին տեղեկացել են ֆեյսբուքյան էջի միջոցով: Ակումբի ներկայացուցիչների հետ կապ հաստատել չհաջողվեց, սակայն գրառումից պարզ է դառնում, որ չգործելու պատճառը կրկին պարետատան ցուցումներն են: Նշել են, որ հնարավոր չէ ապահովել հաճախորդների հարմարավետ մարզումները։

Ի տարբերություն նախորդ երկուսի՝ «Լեդի զոն» սպորտային ակումբը ընդունելու է իր հաճախորդներին: Ապահովել է պարետատան ցուցումներին համապատասխան պայմաններ և այսօրվանից անցնում է աշխատանքի:

Ակումբի գործադիր տնօրեն Նարինե Միրզոյանը «Ա1+»-ին հայտնեց, որ մարզասարքերի մեծ մասը տեղադրել են բացօթյա տարածքներում՝ իրարից երկու մետր հեռավորության վրա: Հաճախորդներին մուտքի մոտ ջերմաչափում են, ներս թողնում միայն ձեռքերը ախտահանելուց հետո:

Ինչ վերաբերում է արդեն սպորտային հագուստով մարզասրահ գալուն, ընկերության տնօրենն ասում է՝  բոլորը բողոքում են, բայց հաճախոդներին ներկայացրել են, որ կատարում են պարետի որոշումները: Որոշներն էլ հենց այդ պատճառով հրաժարվել են մարզասրահ այցելել:

«Գրիգ» սպորտային ակումբը աշխատելու որոշում է կայացրել, բայց կրճատել է աշխատանքային ժամերը, քանի որ հաճախորդները շատ չեն:

Հագուստի պարտադրանքը մարզասրահի այցելուների համար խնդիր չէ, կարծում է մարզասրահի տնօրեն Գրիգ Գզրարյանը, քանի որ գրեթե բոլոր այցելուները մարզասրահի հարակից շենքերից են:

Հիշեցնենք՝ պարետի որոշմամբ մարմնամարզական օբյեկտների գործունեությունը թույլատրված է՝ սահմանված կանոնների պահպանմամբ: