Բացել լրահոսը Փակել լրահոսը
bcFqAM6o2qHrfMYiWSa1txKtjy8WOUYpDl47b4V5t6A
A A
Հասարակություն

Ինչո՞ւ է կորանավիրուսի այդպիսի բարձր ցուցանիշ գրանցվել այսօր

Հայաստանում այսօր գրանցվել է կորոնավիրուսով վարակման ամենաբարձր ցուցանիշը վարակի տարածման առաջին օրից ի վեր՝ 351 դեպք: 

Թե ինչո՞վ է սա պայմանավորած, Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Ա1+»-ի հետ զրույցում պարզաբանեց՝ նախորդ օրը կատարվել է ամենաշատ թեստավորումը մյուս օրերի համեմատ՝ թեստավորվել են 1600-ից ավելի քաղաքացիներ:

«Ա1+»-ը տեղեկություններ ուներ այն մասին, որ երբեմն թեստերի պատասխանները հայտնի են լինում մի քանի օր հետո միայն․ Ալինա Նիկողոսյանից հետաքրքրվեցինք՝ արձանագրված դեպքերը մեկ օրվա թեստավորման արդյո՞ւնք են, թե՞ մի քանի օրվա։

ԱՆ խոսնակը պարզաբանեց, որ ամեն օր հրապարակում են նախորդ օրվա պատասխանները.

«Մենք հաշվի ենք առնում լաբորատորիայից դուրս գալու պահը»,-ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է վարակման աղբյուրներին, Նիկողոսյանը տեղեկացրեց, որ դրանք արդեն շատ տարբեր են, թեև թեստավորվում են հաստատված դեպքերի բոլոր կոնտակտավորները:

«Դեպքերի ավելացման պատճառը նաև դա է, այսինքն՝ հայտնաբերումը և թեստավորումը: Լինում են նաև առանձին օջախներ, այս պահին նույնիսկ չեմ կարող ասել՝ դրանք որքան են»:

Նիկողոսյանը նաև շեշտեց, որ թեստավորման լաբորատորիաները հիմնականում հերթափոխով, առանց դադարի աշխատում են.

«Փորձում ենք այնպես անել, որ լաբորատորիայի ախտահանման աշխատանքները չխանգարեն թեստավորման քանակին, քանի որ մենք ուզում ենք հնարավորիս շատ դեպքեր բացահայտել»:

Ընդգծեց՝ լաբորատորիայի աշխատակիցները աշխատում են գրեթե 24-ժամյա ռեժիմով: 

Հիշեցնեք ՝ այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4823 դեպք, որոնցից 2019-ն` առողջացած, 61-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2718 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 41850 թեստավորում: