Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դավիթ Սանասարյան
A A
Հասարակություն

Ակնհայտ է, որ քննիչի կողմից թելադրված է. Դավիթ Սանասարյանը՝ Սամվել Ադյանի մասին (տեսանյութ)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, ընթանում է Հեմոդիալիզի պարագաների գնումների գործով դատական նիստը։

Նիստի ժամանակ հայտնի դարձավ, որ գործով մեղադրյալ, ՀՀ Պետական վերահսկողության ծառայության Գնումների վերահսկողության վարչության նախկին պետ Սամվել Ադյանի (համարվում է ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի դեմ գլխավոր ցուցմունք տված անձը) երեք անգամ դիմել է ԱԱԾ քննիչին առանց փաստաբանի ներկայության ընդունելու համար, այնուհետև նույնկերպ ԱԱԾ Քննչական դեպարտամենտի պետին՝ ինքնախոստովանական ցուցմունք տալու համար։ 

Ադյանն ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ գնումների գործընթացում Դավիթ Սանասարյանի կողմից միջամտություն կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու առումով։ 

Բացի այդ նախագահող դատավոր Դավիթ Բալայանն ընթերցեց ԱԱԾ քննիչ Ոսկանյանին Սամվել Ադյանի ուղարկված գրությունը. «Գևորգ Խաչատրյանի (ՊՎԾ գլխավոր մասնագետ) հետ տեղի է ունեցել առերեսում, տվել եմ լրացուցիչ ցուցմունք, որով ընդունել եմ Գևորգ Խաչատրյանի տված հանգամանքները, ուստի նրա հետ կրկին առերեսվելու անհրաժեշտություն չեմ տեսնում և ցանկանում առերեսվել»։

Պաշտոնական լիազորությունների չարաշահման մեջ մեղադրվող, ՀՀ Պետական վերահսկողության ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը, մեկնաբանելով ընթերցված նյութերը, նշեց, որ գրությունների, դիմումների տակ ոչ թե պետք է գրված լիներ Սամվել Ադյան, այլ քննիչ Ոսկանյան կամ Երիցյան կամ էլ գործով մյուս քննիչներ։ 

«Ակնհայտ է, որ քննիչի կողմից թելադրված է։ Ես քննիչի հետ հանդիպման ժամանակ, երբ որ խոսել եմ որոշ բաների վերաբերյալ, ասել եմ, որ Սամվել Ադյանը չի կարող նման բան ասել, որովհետև չի համապատասխանում իրականությանը», - ընդգծեց Սանասարյանը։

Դատական նիստն ավարտվեց. հաջորդը տեղի կունենա հունիսի 1-ին, 10:30-ին։

Տեսանյութը՝ Factor.am-ի