Բացել լրահոսը Փակել լրահոսը
giphy (9)
A A
Հասարակություն

Ինչպե՞ս է կորոնավիրուսը թափանցել Նորքի տուն ինտերնատ. հաստատությունը փետրվարի 27-ից կարանտինում է եղել

Նորքի տուն ինտերնատում, ինչպես խնամքի մյուս բոլոր հաստատություններում, կարանտին է հայտարարված դեռևս փետրվարի 27-ից․ աշխատակիցները ևս մուտք ու ելք չեն ունեցել։

Այդուամենայնիվ ինտերնատում բնակվող ավելի քան 40 ավագ սերնդի ներկայացուցիչների, ինչպես նաև անձնակազմից մի քանիսի մոտ հաստատվել  է կորոնավիրուսային հիվանդություն: 

Թե որտեղից է վարակման աղբյուրը, հայտնի չէ՝  «Ա1+»-ին փոխանցեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը:

«Ունեցել ենք մի բացառություն՝ մի քաղաքացի, ով անկողնային խնամքի համար նախատեսված առանձին հատվածում է եղել, առողջական խնդիր է ունեցել, տեղափոխվել է այլ բուժհաստատություն, այնտեղից վերադարձի ժամանակ, սակայն, կնոջը թեստավորել են, ու բացասական արդյունք է ունեցել»,-նշում է Մարտիրոսյանը՝ հավելելով, որ կառույցից մուտք ու ելքի միակ դեպքը սա է եղել, այդ պատճառով վստահ չեն, թե որն է եղել վարակի տարածման աղբյուրը:

Դեպքի մասին ֆեսբուքյան էջում հայտնել էր Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ նշելով, որ արդեն 2 օր է տեղում աշխատում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկները պացիենտների առողջական վիճակը գնահատելու և հսկելու համար: Այսօրվանից կազմակերպվում է նաև նրանց տեղափոխումը հիվանդանոցային հաստատություններ` հետագա բուժումը ապահովելու համար:

Ալինա Նիկողոսյանը  «Ա1+»-ին փոխանցեց, որ  այլ մանրամասներ այս պահին չկան, դեռևս կատարվում են գործողություններ: