Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ
A A
Քաղաքականություն

Եթե մեր ընկալումն այն է, որ ով որտեղից ինչ կարողանա, «քերի», ուրեմն ես այս պաշտոնում անելու բան չունեմ. Նիկոլ Փաշինյան

«Չեմ հիշում, որ պինցետով հանելու եւ արաղով ախտահանելու վերաբերյալ հայտարարություն եմ արել, գուցե այլ շրջանակում է հնչել այդ հայտարարությունը»։ Այսօր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե կորոնավիրուսի տարածման համար կառավարությունը մեղադրում է քաղաքացիներին, մինչդեռ կորոնավիրուսի տարածման նախնական շրջանում վարչապետը հայտարարում էր՝ «կորոնովիրուսն ո՞ւմ շունն է, պինցետով կհանենք ու արաղով կախտահանենք»:

«Կորոնովիրուսն ում շունն էէլի որ ո՞ւմ շունն է, բայց շները նաեւ կծելու հատկություն ունեն, եւ մենք ասում ենք՝ եկեք այնպես անենք, որ այդ պարանը ձեռքներս պահենք կամ այնպես անենք, որ մեզ չկծի։ Ես քաղաքացիներին չեմ մեղադրել, բայց ուզում եմ ասել, որ քաղաքացիների հետ համագործակցությունը մեր քաղաքական գաղափարախոսության եւ ուսմունքի անբաժանելի մասն է։ Ես քաղաքական գործունեություն և երկրի կառավարում չեմ պատկերացնում առանց քաղաքացու հետ համագործակցության»,- ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձավ նաև  կառավարության կողմից տրամադրվող աջակցության ծրագրերից օգտված  սպաներին: 

«Մի շարք կառույցների աշխատողներ, օգտվելով նրանից, որ իրենց աշխատանքը գաղտնի է եւ հարկային բազաներում չի ֆիքսվում, մտել են եւ օգնություն ստացել, ընդ որում՝ այն ոլորտներում, որտեղ մենք առաջինն ենք աշխատավարձերը բարձրացրել և վերջին 2 տարում այդպիսի տասնյակ 26 հազար դրամներ ենք այդ մարդկանց տվել, բայց հարցը փողը չէ, հարցը էությունն է»։ 

Նիկոլ Փաշինյանի բարձրացրած հռետորական հարցերը մի քանիսն էին՝  մենք ի՞նչ հանրություն ենք ուզում լինել՝ կպցնողների, շնից մազ պոկողների, քերողների հանրությո՞ւն լինենք, թե՞ ուզում ենք կարգը հարգող հանրություն լինենք:

«Ողբերգություն չէ՞, երբ այս երկրի անվտանգությունը պաշտպանելուն ուղղված կոչում ունեցող բարձրաստիճան սպան, գնդապետը, իմանալով, որ իր անունը որպես աշխատող ֆիքսված չէ, մտնում է, որ 26 հազար դրամ տանի»:

Վարչապետը պնդում է՝ սա մաֆիոզ մտածելակերպի հետևանք է, և շատ խորն է նստած հանրության մեջ.

«Ասում ենք՝ պետք է հետ տաք այդ փողը, մի հատ էլ ձեր հետագա աշխատանքի հարցը պետք է քննարկենք, պետք է նայենք՝ դուք այդ կոչումը կրելու իրավունք ունե՞ք, թե՞ չէ։ Սա չի նշանակում, որ մենք չենք հասկանում, որ սոցիալական պրոբլեմ կա երկրում, սոցիալական պրոբլեմ կա, ասենք ժողովուրդ ջան հարձակվեք բանկերը թալանեք, խանութները թալանեք, ով հագին շոր ունի, հանեք, դուք հագեք, այս ի՞նչ մտածելակերպ է ընդհանրապես»։

Փաշինյանն անկեղծացավ․

«Եթե մեր ընկալումն այն է, որ ով որտեղից ինչ կարողանա, քերի, տանի, ուրեմն՝ ես այս պաշտոնում և կարգավիճակում անելու բան չունեմ:  Իմ այս կարգավիճակում լինելու միակ իմաստն այն է, որ մենք ընդհակառակը, այլ կերպ պետք է մտածենք»,- եզրափակեց Փաշինյանը: