Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Բազմանդամ ընտանիքը սոցիալապես ծանր վիճակում է տևական ժամանակ. պատմություն Թեղուտից

Մանուչարյանների բազմանդամ ընտանիքն ապրում է Տավուշի մարզի Թեղուտ գյուղում: Ընտանիքը սոցիալական լուրջ խնդիրներ ունի,  բայց ի տարբերություն շատերի՝ այս ընտանիքի  խնդիրները չեն բաժանվում կորոնավիրոիսից առաջ կամ խնդիրներ վիրուսի պատճառով շրջափուլերի:  Մանուչարյանները  ապրելու խնդիր ունեն տևական ժամանակ:

Վեց անդամից բաղկացած ընտանիքում բնակվում են երկու անչափահաս երեխաները՝  9-ամյա Արաքսյան և 7-ամյա Անին: Երեխաների ծնողները, տատիկը և պապիկը չեն աշխատում: Ընտանիքը գոյատևում է պետությունից ստացած նպաստի և թոշակի գումարով, ինչը չի բավարարում բազմանդամ ընտանիքի նույնիսկ առաջնային պահանջմունքներին:

 Երեխաների  մայրը՝ 31-ամյա  Գայանեն «Ա1+»-ին պատմեց, որ ամուսինը՝ Աշոտը 40 տարեկան է, արդեն երկրոդ կարգի հաշմանդամություն ունի, բանակում ականի պայթյունից վիրավորում է ստացել և զրկվել ոտքից:

Երեխաների տատիկը 63 տարեկան է, ունի հիպերտոնիկ ճնշման և անոթային խնդիրներ, Գայանեն ասում է՝ միջոցներ չունեն նույնիսկ նրան բժշկի տանելու համար:

Իսկ Ժորա պապիկը  մի քանի ամիս առաջ իշեմիկ ինսուլտ է ստացել, թոշակառու է:

Գայանեն ասում է՝ թեև առողջական խնդիրներ չունի և պատրաստ է աշխատել, բայց գյուղում աշխատելու հնարավորություն չկա:

Թեղուտում, ինչպես Հայաստանի շատ գյուղերում, մարդիկ ապրում են արտագնա աշխատանքով, իսկ հիմա անտառներից սունկ և ուտելի բույսեր են հավաքում և վաճառում:

31-ամյա կնոջ խոսքով ամուսինը ֆիզիկապես ի վիճակի չէ, իսկ ինքը միայնակ անտառ գնալ չի կարող:

Ծնողները կարողացել են նպաստից խնայողություններ կատարել և համակարգիչ գնել, երեխաները այսօր առցանց դասերից հետ չեն մնում:

Գայանեն ասաց՝  դիմել են Թեղուտի գյուղապետին, իրենց խնդիրների մասին տեղյակ պահել, բայց արձագանք դեռ չեն ստացել: 

Հիշեցնենք, որ մայիսի 15-ը ընտանիքի միջազգային օրն է: