Բացել լրահոսը Փակել լրահոսը
987800
A A
Հասարակություն

Ռ. Քոչարյանի փաստաբանը չբացառեց, որ խափանման միջոցի վերաբերյալ միջնորդության մերժումը կբողոքարկեն

Մարտի մեկի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանների ներկայացրած երեք միջնորդությունները դատարանը մերժեց:

Որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը նշեց, որ հետագա գործողությունների մասին կհայտնեն, բայց ցավում է, որ դատարանը Աննա Դանիբեկյանի նախագահությամբ նման որոշում կայացրեց և հաշվի չառավ, որ խոսքը գնում է վիրահատությունների ենթարկված ՀՀ երկրորդ նախագահի մասին:

Փաստաբան Արամ Օրբելյանն էլ  հայտնեց, որ վաղը որոշումը ստանալուց հետո հետագա անելիքները կորոշեն, ամենայն հավանականությամբ հիմքերին ծանոթանալուց հետո կբողոքարկեն:

Նրա պնդմաբ՝ այս որոշումը իրավաբանության հետ առնչություն չունի.

«Մենք գնահատում ենք քաղաքական հետապնդում, գնահատում ենք, որ ոչ թե խափանման միջոցի խնդիր է, այլ մարդուն պատժելու հարց է և հետամուտ ենք լինելու, որ բոլոր անձինք, ովքեր մասնակցել են այս ապօրինությանը պատասխանատվություն կրեն, մանավանդ, որ այդ անձինք բարձրաձայն ասել են, որ «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը շատ լավ տեղ է կորոնավիրոսից պաշտպանվելու համար և անվտանգ է»:

Փաստաբանը պարզաբանեց, որ խոսքը դատախազների մասին է: Օրբելյանը պնդեց նաև, որ դատական գործընթացին Ռոբերտ Քոչարյանի խոչընդոտելու ռիսկը գնահատում են զրո:

Դատարանի բակում հավաքված երկրորդ նախագահի աջակիցները որոշումը իմանալուց հետո վանկարկում էին «ամոթ»:

Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստին քննարկվել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ 3 միջնորդությունները։ Նիստին անձամբ ներկայացել և անձնական երաշխավորություն էին ներկայացրել  Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետեր՝ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը:

Հավելենք նաև, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։