Բացել լրահոսը Փակել լրահոսը
1
A A
Հասարակություն

Վտանգավոր գոտում՝  սեփական կամքով․ «Ինչպես հանգիստ նստեմ տանը»

21-ամյա ուսանողուհի Յանա Խաչատրյանի համար վերջին երկու ամսում քիչ չեն  եղել պահերը, որ գիտակցել է՝  կարող է վարակվել կորոնավիրուսով․

«Բայց դա ինձ համար երկրորդական է: Եթե կան մարդիկ, ովքեր մինչ օրս ունեն իմ օգնության կարիքը, ինչպես հանգիստ նստեմ տանը, այն էլ այն դեպքում, երբ այս ամենն իմ մասնագիտությունն է»։

 Հայկական բժշկական ինստիտուտի  ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողուհի Յանա Խաչատրյանը նախ որպես կամավոր, ապա արդեն որպես բուժքույր աշխատում է հիվանդանոցում՝ կորոնավիրուսով վարակվածների հետ:

Ընտանիքն այնքան էլ հեշտ  չի համաձայնվել, որ Յանան, թեկուզ եւ ապագա բուժաշխատող, հայտնվի «վտանգավոր գոտում»։

«Ընտանիքս, բնակականաբար, դեմ էր, բայց չկա խնդիր, որ մենք չկարողանանք միասին լուծել: Շուտով ընտանիքս համակերպվեց այն մտքի հետ, որ ամեն պարագայում ես սկսելու եմ աշխատել վարակվածների հետ:  Այսպիսով՝ ես այս «կռվի» մեջ հաղթող դուրս եկա: Նախնական շրջանում ես կամավոր էի, սակայն մարտ ամսվա վերջին, երբ հիվանդանոցը, որտեղ աշխատում եմ, վերապրոֆիլավորվեց, ստացա աշխատանքի առաջարկ և սկսեցի աշխատել անմիջապես կորոնավիրուսով վարակվածների հետ»,- պատմում է Յանա Խաչատրյանը։

Չի թաքցնում՝ աշխատանքը հեշտ չէ՝ հաշվի առնելով, թե ինչ հոգեվիճակում կարող են լինել թե հիվանդները, թե բուժաշխատողները․

 «Մեծամասամբ էմոցիաները դրական են: Իհարկե,  կան մարդիկ, ովքեր վատատեսական են տրամադրված, բայց նրանց էլ պետք է հասկանալ` հարազատներից հեռու ու նման ախտորոշմամբ. հեշտ չէ նման պարագայում միշտ դրական աուրա ստեղծել: Ես իսկապես չեմ կարող խոսքերով բացատրել՝  ինչ է կատարվում հիվանդանոցի պատերից ներս` ջերմ, իրար հուսադրելու ներուժով, միշտ պատրաստ օգնելու միմյանց»:

Ասում է, որ երբեմն նյարդայնանում է, բայց ոչ աշխատանքից։

«Երբ լսում եմ կարծիքներ, թե վարակն իրականում չկա, կամ այն համաշխարհային քաղաքականության հերթական խաղն է,  հոգու խորքում վիրավորանք եմ զգում, որովհետև ստացվում է այն աշխատանքը, որը կատարում է բուժաշխատողը, անուղղակիորեն անիմաստ է:  Սա համավարակ է, որը տարածվել է ողջ աշխարհում, ու աշխարհում տիրող իրավիճակը տեսնելով գոնե պետք է հնարավորինս լուրջ վերաբերել վարակին, առաջին հերթին հենց սեփական առողջության և ապահովության համար»,-ասում է Յանա Խաչատրյանը։

Ի դեպ, օրեր են լինում, որ նա  տուն չի գնում, գիշերում է  «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում կամ  Օրթոպեդիայի  գիտական  կենտրոնում։

Կորոնավիրուսի  համավարակը փոխել է նաեւ նրա՝ կյանքի նկատմամբ վերաբերմունքը․«Ավելի եմ սկսել գնահատել ժամանակը` ափսոսելով այն պահերի համար, որոնք անցել են անիմաստ, մինչդեռ կարող էի հարազատների ու թանկ մարդկանց հետ իմաստավորել այն»: