Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԷՄ (1)
A A
Քաղաքականություն

Պահանջել ծեծ կերած մարդկանցից մանդատ դնել, երևի Հյուսիսային Կորեայում էլ չկա նման բան․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր հրավիրվել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայություն։

«Դուք գիտեք, որ Գլխավոր դատախազությունը տեսանյութերի հիման վրա նյութեր է ուղարկել Հատուկ քննչական ծառայություն, և  այսօր ծանուցվել եմ, որ դատաքննչական փորձաքննության մասին որոշում է կայացվել։ Սկզբից գնացել եմ դատաբժշկի մոտ, հետո եկել եմ էստեղ, բացատրություն եմ տվել»,- ՀՔԾ շենքից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը։

Նշենք, որ խոսքը վերաբերում է մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքին, որը սկսվել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի և Մարուքյանի միջև խոսակցությունից՝ վերջինիս ելույթի ժամանակ։

Հարցին՝ ի՞նչ է գրել բացատրության մեջ, ի՞նչ է ասել, Մարուքյանը պատասխանեց, որ ըստ էության՝ տեսանյութում ինչ երևում է, իսկ հարցաքննությունը տևել է մոտ 2 ժամ։ ԼՀ խմբակցության ղեկավարը կրկին նշեց, որ իր ակնկալիքը միջադեպի հետ կապված քաղաքական հետևանքներն են:

«Որովհետև եթե դա չի դատապարտվում քաղաքական մակարդակում, դա կարող է կրկնվել։ Եվ ամեն մի պատգամավոր կարող է մտածել, որ ելույթ ունենալուց առաջ իր մտքով կարող է անցնել՝ իրեն կարող են խփել, իր նկատմամբ բռնություն կիրառել իր արտահայտած կարծիքի, իր հայտարարությունների համար»,- շարունակեց «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը։

Ըստ Մարուքյանի՝ իշխանություններն ամեն ինչ անում են բռնության զոհերին մեղավոր դարձնելու համար․ «Այսինքն՝ պահանջել ծեծ կերած մարդկանցից մանդատ դնել, ես չգիտեմ, երևի Հյուսիսային Կորեայում էլ չկա նման բան։ Դա մտածողության հարց է, ամբողջատիրական մտածողության հարց է, ինչի մեջ էսօր մեր իշխանություններն են»։

Իսկ եղբոր՝ Էդգար Մարուքյանի կողմից, ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին դիմելու մասով պատգամավորն ասաց, որ դա ուրիշ հարց է, այն վերաբերում է Սասուն Միքայելյանի կողմից հնչեցրած սպառնալիքներին և այսօրվա հարցաքննության հետ կապ չունի։