Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 12-ը մայիսի․ Երեւանում էր Բորիս Բերեզովսկին (տեսանյութ)

1994-ի մայիսի 12-ին Բիշքեքում ստորագրվում է ղարաբաղա-ադրբեջանական պատերազմում զինադադար հաստատելու մասին համաձայնագիրը։ Ղարաբաղի անունից այդ փաստաթուղթը ստորագրող Ղարաբաղի Գերագույն խորհրդի նախագահ Կարեն Բաբուրյանն ասում է, որ զինադադարի պահպանման գլխավոր երաշխիքը կա։

1998-ի այս օրը Հայաստանում էր ԱՊՀ գործադիր քարտուղար Բորիս Բերեզովսկին։ Նրան ընդունել էր Ռոբերտ Քոչարյանը եւ նախատեսվածից մեկ ժամ ավելի զրուցել նրա հետ։ Ռոբերտ Քոչարյանն ԱՊՀ-ի մեջ ընդգրկված միակ պետության ղեկավարն էր, որը ԱՊՀ վերջին գագաթաժողովում դեմ էր արտահայտվել Բերեզովսկու նշանակմանը ներկա պաշտոնում։

Երեւանում երթեւեկության կարգավորման տասնօրյակ է, նոր ձեւավորված կառավարությունը վստահեցնում է, որ իր ուշքն ու միտքը մեր քաղաքացիների առողջությունն է։ Քաղաքի որոշ փողոցներում դրված են արգելքներ, որոնք հաճախ բացարձակապես տեսանելի չեն ուղեւորներին։

Հայաստանը պետք է ազատվի Սերժ Սարգսյանից եւ Ռոբերտ Քոչարյանից,-2000 թվականի մայիսի 12-ին Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում հայտարարում են աջ ուժերը։ Ըստ ելույթ ունեցողների, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանին պաշտոնանկելու հիմնական ճանապարհը նրան անվստահություն հայտնելն է։

«Մենք դեռ մեկ դար պետք է սպասենք, որպեսզի հայ մարդը կարողանա ընդունի կին վարչապետի»,-2000 թվականի այս օրը հայտարարում է Ազգային Ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը՝ պատասխանելով, թե ինչու վարչապետ Արամ Սարգսյանի հրաժարականից հետո նոր թեկնածուների մեջ կնոջ անուն չկա:

Նույն օրն ավելի ուշ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի Հանրապետության 10-րդ վարչապետ է նշանակում Հանրապետական կուսակցության նախագահ, Ազգային Ժողովի «Միասնություն» խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանին։

Կրթության նախարար Սերգո Երիցյանը համաձայն չէ ՄԱԿ-ի մի քանի օր առաջվա ուսումնասիրության եզրակացության հետ, ըստ որի կրթական ոլորտը Հայաստանում ամենակոռումպացվածն է։ «Ինչպիսին երկիրն է, այնպիսին էլ կրթական ոլորտն է»,-2005-ի մայիսի 12-ին հայտարարում է Սերգո Երիցյանը։

10-րդ օրն է, ինչ Արտավազդ Վարդանյանը լուսացնում է ԿԸՀ-ի մոտ եւ չի պատրաստվում դադարեցնել հացադուլը։ Նա պահանջում է չեղյալ համարել 2012-ի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները եւ բացահայտել մարտի 1-ի մեղավորներին: Հացադուլավորի առողջական վիճակը վատանում է, բժիշկները զգուշացնում են, որ ճնշումը բարձր է, դա վատ հետեւանքներ կարող է ունենալ: