Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ռումինիայի հայոց թեմի առաջնորդը մայիսյան եռատոնի առթիվ ուղերձ է հղել

Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիոյ հայոց թեմի առաջնորդական տեղապահ գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի ուղերձը մայիսյան եռատոնի առիթով

Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր Տաճարից Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում ռումանահայությանը, բուլղարահայությանը և համայն հայ ժողովրդին՝ ի Հայաստան, յԱրցախ և ի Սփյուռս աշխարհի՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի հիմնադրման եռատոնի առիթով:

Երկրորդ աշխարհամարտը ծանր քննություն էր աշխարհի բազում ժողովուրդների, այդ թվում՝ հայ ժողովրդի համար: Մեր ժողովրդի հերոս զավակները պատվով հանձնեցին այդ քննությունը՝ բազմիցս նույնիսկ իրենց ուժերից վեր սխրանքներ գործելով և նպաստելով հաղթանակի ու բաղձալի խաղաղության հաստատմանը:

Սակայն 1992 թվականի մայիսի 9-ից հետո այս տարեթիվը մեր ժողովրդի համար ձեռք բերեց կրկնակի և եռակի իմաստ: 1988 թվականից Ադրբեջանը սանձազերծեց Հայ-ադրբեջանական պատերազմ։ Լավ զինված ադրբեջանական բանակը սկսեց լայնածավալ հարձակումները Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով։ Սակայն հայերը կարողացան հետ մղել հակառակորդի գրոհը և ազատագրել Արցախը: 1992թ. մայիսի 9-ին ազատագրվեց հայոց հինավուրց քաղաք Շուշին, որով Արցախի ողջ ժողովուրդը փրկվեց ֆիզիկական բնաջնջումից: Հայ ռազմիկների այս սխրագործությունը և դրա ամբողջական պատմական նշանակությունն ուղղակի հսկայական է: Հայ ժողովուրդը դարձյալ հարկադրված եղավ պաշտպանելու իր ազատ և անվտանգ կյանքի իրավունքը՝ միայնակ դիմակայելով Արցախում հայի գոյությանը սպառնացող անողորմ հակառակորդին։

Մայիսի 9-ի խորհուրդը աշխարհասփյուռ մեր ժողովրդի համար նվիրական է։ Այսօր մենք տոնում ենք Երկրորդ աշխարհամարտում և Արցախին պարտադրված պատերազմում մեր հերոս հայրերի ու մայրերի և նրանց քաջարի որդիների սխրագործությունների հաղթանակը, ինչպես նաև Պաշտպանության բանակի հիմնադրման օրը, որը երաշխավորն է Արցախ աշխարհում խաղաղության և անվտանգության։ Պատմության ընթացքում մշտապես մայիսը եղել է հաղթական ու հերոսական ամիս հայ ժողովրդի համար, ինչպես Վարդանանց հերոսամարտը, Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերը, Շուշիի ազատագրումը և Արցախյան պատերազմի հաղթանակը:

Տոնական այս օրը հպարտորեն մեր խոնարհումն ենք բերում հանուն խաղաղության հերոսացածների հիշատակին, նաև հաղթանակի համար իրենց ջանքերը ներդրած նվիրյալներին: Միևնույն ժամանակ աներկբայորեն ազդարարում ենք, որ Արցախի տարածքը եղել է, կա և մնալու է պատմական և ներկայիս Հայաստանի անբաժանելի մասնիկը:

Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի հիմնահարցը միայն Հայաստանի և Արցախի հայության հարցը չէ, այլ նաև շուրջ 8 միլիոն հայկական Սփյուռքի: Հետևաբար իբրև 8 միլիոնանոց զորավոր Սփյուռք, ապրելով աշխարհի տարբեր անկյուններում, մենք մեկ անգամ ևս մեր ձայնն ենք բարձրացնում և ի լուր աշխարհի հայտարարում ենք, որ Արցախը հայկական տարածք է, պատմական Հայաստանի մի մասնիկը, և ի վերջո, Արցախը ամբողջական և միացյալ Հայաստան է և վերջ: Բազմամիլիոնանոց հայկական Սփյուռքը, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր և հավիտյան ձգտել և ձգտում է ստեղծել միացյալ Հայաստան, որի անբաժանելի մասն է նաև Արցախը: Սփյուռքը չի ընդունում Արցախի հարցի կարգավորման ոչ փուլային, ոչ փաթեթային տարբերակները:

Երբեք Արցախը չի լինելու Ադրբեջանի տարածք: Սա միայն խոսք չէ, այլ երդում, որ տվել է յուրաքանչյուր հայ ծննդյան օրվանից և հավատարիմ է իր երդումին մինչ ի մահ: Ուստի եթե Ադրբեջանը երբևէ փորձի վտանգի տակ դնել Արցախի հայ բնակչության անվտանգությունը, ապա միանշանակ մեծագույն հակահարված կստանա նաև համայն Սփյուռքի կողմից:

Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված Իր Ամենազոր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղության մեջ անվտանգ պահի Հայաստանն ու Արցախը և աշխարհասփյուռ մեր ժողովրդին:

Ի սրտէ շնորհավորում ենք Եռատոնի առիթվ, գլուխ ենք խոնարհում Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր քաջորդիների ու հերոսների հիշատակի առջև և աղոթում ենք նրանց հոգիների հանգստության ու խաղաղության համար՝ հայցելով Բարձրյալն Աստծո ողորմածությունը: