Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Օլիմպիական պատմություն. ինչպես պատերազմի զինվորները վիճարկեցին ոսկե մեդալը

Հայրենական Մեծ պատերազմին մասնակցած և ողջ-առողջ վերադարձած խորհրդային մարզիկ-մարզուհիներից ոչ բոլորին է հաջողվել մեծ նվաճումների հասնել հետագայում: Նախ, նրանցից շատերը տարբեր աստիճանի վնասվածքներով էին վերադարձել ռազմաճակատից, ուստի դուրս էին մնացել մարզաշխարհից: Ոմանք էլ պատերազմի պատճառով տարիքն առել էին և բնականաբար ավարտել ելույթները: Սակայն նրանցից երկուսն իսկական հերոսներ են դառնում 1952 թվականի օլիմպիական խաղերում՝ իրար հետ իսկական «կռիվ» տալով ոսկե մեդալի համար: Խոսքը գնում է մարմնամարզիկներ Հրանտ Շահինյանի ու Վիկտոր Չուկարինի մասին, որոնք ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցում էին Հելսինկիի խաղերին:

Հրանտ Շահինյանը 16 տարեկան հասակում կամավոր մեկնել էր ռազմաճակատ: Նա մասնակցել էր Կովկասի պաշտպանության մարտերին, 1943 թվականին ազդրից ծանր վիրավորվել էր, սակայն շարունակել ծառայությունը: Ռազմաճակատից վերադառնալուց հետո. 1946 թվականին, նա կրկին սկսել է զբաղվել իր սիրած մարզաձևով՝ մարմնամարզությամբ:

Վիկտոր Չուկարինը հայրենականի ժամանակ ոչ միայն վիրավորվել էր, այլև գերի էր ընկել: Նա չնայած 17 համակենտրոնացման ճամբարներում էր անցկացրել գերությունը, սակայն հրաշքով ողջ էր մնացել: Խորհրդային Ուկրաինայի չեմպիոնը երբ 1945թ վերադարձել էր հարազատ Մարիուպոլ քաղաք, կշռելիս էր եղել ընդամենը 40 կգ:

Պատերազմից հետո երկու մարզիկները նախ հաջողության են հասնում հանրապետական, ապա՝ միութենական ասպարեզներում: Հրանտ Շահինյանն ու Վիկտոր Չուկարինը իրավամբ դառնում են ԽՍՀՄ հավաքականի առաջատարներ: Նրանք հաջողությամբ են հանդես գալիս նաև միջազգային հարթակներում: Մասնավորապես՝ Բուդապեշտում կայացած Համաշխարհային երիտասադական փառատոնում Հրանտ Շահինյանը մարմնամարզության մրցումներում նվաճում է վեց ոսկե մեդալ:

Օլիմպիական խաղերում երկու թիմակիցները կատաղի պայքար են մղում անհատական ոսկու համար: Սկզբում առաջ է պոկվում Վիկտոր Չուկարինը, որը հենացատկում ստանում է 9,45 բալ, իսկ խորհրդային մյուս մարմնամարզիկներին մրցավարները 9,05-ից բարձր գնահատական չեն դնում: Զուգափայտերի վրա դարձյալ աչքի է ընկնում ուկրաինացի մարմնամարզիկը՝ 9,80: Հրանտ Շահինյանն առայժմ գտնվում է իր թիմակցի ստվերում:

Երրորդ գործիքի՝ պտտաձողի վրա, Վիկտոր Չուկարինը պարզապես ձախողվում է՝ ցույց տալով 8,65 արդյունք: Հրանտ Շահինյանը, որը դեռևս համեստ տեղ է զգաղեցնում աղյուսակում, նժույգթափի վրա վաստակում է 9,90 միավոր, օղակի վրա՝ 9,80 միավոր, և ընդհանուր ցուցանիշով (57,00) դուրս է գալիս երկրորդ հորիզոնական: Մեր մարմնամարզիկը վերջին՝ ազատ վարժությունից առաջ, ընդամենը 0,15 բալով է զիջում շվեյցարացի Յոզեֆ Շտալդերին: Վիկտոր Չուկարինը 56,85 միավորով գտնվում էր չորրորդ հորիզոնականում:

Ազատ վարժությունում Հրանտ Շահինյանը ցույց է տալիս 9,40, իսկ շվեյցարացի մարմնամարզիկը՝ 9,20 արդյունք: Այդպիսով, մեր հայրենակիցը շրջանցում է առաջատարին և դառնում չեմպիոնի գլխավոր թեկնածուն: Սակայն, ամենավերջում հանդես եկող Վիկտոր Չուկարինը, մրցավարների կողմից ստանում է 9,60 միավոր, առաջ անցնում իր թիմակցից և արժանանում ոսկե մեդալի: Հայ մարմնամարզիկը ստիպված բավարարվում է արծաթե պարգևով:

Հրանտ Շահինյանը, սակայն, Հելսինկիից վերադառնում է ոսկե երկու մեդալներով: Նա նախ ԽՍՀՄ հավաքականի կազմում հաղթում է թիմային մրցաշարում, ապա օղակների վրա մրցուներում գրավում է 1-ինտեղը՝ ցույց տալով 9,95 ֆանտաստիկ արդյունք: Նա նաև երկրորդ տեղն է գրավում նժույգթափի վրա:

1954 թվականին Հրանտ Շահինյանը աշխարհի կրկնակի չեմպիոն է հռչակվում: Չորս տարի անց նա ավարտում է ելույթները և սկսում զբաղվել իր անունը կրող մարմնամարզության դպրոցի հիմնադրմամբ:

Վիկտոր Չուկարինը ելույթները շարունակել է մինչև 1956 թվականի վերջը: Նա 1954-ին հռչակվում է աշխարհի եռակի չեմպիոն, իսկ երկու տարի անց Մելբուռնում նվաճում է ևս երեք օլիմպիական ոսկե մեդալ: Հետագայում նա աշխատել է Լվովի ֆիզկուլտուրայի ինստիտուտում՝ հասնելով մինչև դոցենտի կոչման: