Բացել լրահոսը Փակել լրահոսը
լավ  էլի
A A
Մշակույթ

«Լավ էլի» կամ ինչպես էր  կիթառով տղան մրցում աղջիկների ուշադրության համար

Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի առցանց հյուրասրահում այսօր   արտասանությամբ նույնը, բայց գրությամբ տարբեր անուններ ունեցող  «Լավ էլի», «Love Aly», «Love alley» կամ «Love էլի» խումբն էր:  

Առցանց ունկնդիրը ոչնչով չէր տարբերվում համերգասրահում նստածից, ու խմբի անդամները ստիպված էին, ինչպես ասացին, 500-րդ անգամ պատասխանել նույն հարցին՝ ինչու «Լավ էլի»։

«Մի ընկեր ունենինք ամերիկացի, իր մոտ հենց ասում էին՝ լավ էլի, ասում էր՝ ի՞նչ է դա նշանակում, ես հասկանում եմ love Aly (սիրիր Էլիին): Մենք էլ մտածեցինք, որ լավ անուն է, ինչու՞ չէ, համ էլ շատ ուրիշ իմաստներով է հասկացվում. ով ոնց կուզի՝ թող հասկանա»,- պատմեց խմբի համահիմնադիր Գոռ Մխիթարյանը:

Հարցին, թե որն է խմբի հաջողության բանաձևը, մեներգիչ Մհեր Մանուկյանը միանգամայն լուրջ պատասխանում է՝ գեղեցկատես ենք: Մյուս անդամներն էլ ավելացնում են, որ նաև համեստ են ու անկեղծ։

«Մենք անկեղծ ենք մեր լսարանի հետ, չունենք ոչ մի ակնկալիք ու սպասելիք, հետևաբար՝ չենք հիասթափվում: Մենք ուղղակի ստեղծում ենք երաժշտություն, վերցնում ենք երաժշտությունը իր հայրենիքից ու տեղափոխում մեզ մոտ, մի զարմացեք, երաժշտությունն էլ հայրենիք ունի»,-ասում է մեներգիչը:

Խումբը թեև 1996 թ.-ին արդեն ձևավորվել ու գործում էր, բայց միայն վերջին տարիներին ձեռք բերեց հայտնիություն, այս մասին խմբի անդամներն ունեն իրենց տեսկետերը.

«Հետպատերազմյան տարիներին, երբ մենք համերգներ էին ունենում․  350 հոգանոց դահլիճը լիքն էր, ինչը այն ժամանակվա համար քիչ չէր: Խնդիրը կարծում եմ այն էր, որ տարածման եղանակներ չկային, մարդիկ չէին իմանում, իսկ հիմա, ֆեյսբուքում մի հայտարարություն տարածելով, տեսեք՝ քանի հոգի է մեզ միացել»,-ասում է խմբի մենեջեր Արամազդ Ղալամաքյանը:

«Լավ էլի»-ի այցեքարտերից մեկն էլ երգերի տարբերվող ու գեղեցիկ բառապաշարն է, Մհեր Մանուկյանի կարծիքով՝ դա ընդամենը գիրք կարդալու արդյունք է.

«Չզարմանաք, բայց ես հոմանիշների բառագիրք եմ կարդում, անհավանական սիրուն բառեր կան այնտեղ, իսկ առհասարակ լավ գրելու համար կարդալ է պետք: Հեղինակը, որ ոչ Չարենց, ոչ Տերյան չի կարդացել, բնական է, որ իր գրած միջակությունը պիտի արժեքավոր համարի, և նույն կերպ էլ լսարանին մատուցի»,-ասում է նա:

Խոսք բացվեց նաև 90-ականների երաժշտական մրցակցությունից, կրկին Մհեր Մանուկյանն է պատասխանում՝ ոչ մի մրցակցություն չի եղել.

«Միակ բանը, որի համար մրցակցում էինք աղջիկների ուշադրությունն էր, այսքանը: Ի դեպ, կիթառով տղան շատ մեծ առավելություն ունի, սկսեք նվագել, տղաներ»։

Մհեր Մանուկյանն ասում է, որ լավ երաժշտության կարիք, իհարկե, այսօր կա, բայց ավելի շատ լավ լսարանի պակաս կա.

«Մեր հասարակության մեծ մասը այսօր պատրաստ չէ լսելու արվեստի ամենաարժեքավոր գործերը, սա չի նշանակում, սակայն, որ արվեստագետը պիտի ասի՝ իմ երգը լավն է՝ դուք չեք հասկանում, ուղղակի մարդիկ վարժեցված չեն ամենաորակյալը  ընտրելու»,- նկատեց Մհեր Մանուկյանը և շատ խնդրանքներից հետո՝ որպես ամփոփում իր երգացանկից կատարեց «Կհանդիպենք»-ը ՝ նոր հանդիպման խոստումով: